Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Թումանյանական ոգին՝ անգլերենով

Դեկտեմբեր 22,2018 13:00

Ծանոթությունը թումանյանական նոր հրատարակության հետ կայացավ Խնկո-Ապոր գրադարանում՝ հենց գրքի շնորհանդեսի ժամանակ, երբ մայրաքաղաքի թիվ 122 դպրոցի աշակերտները իրենց հասակակիցներին, բազմազան լսարանին էին ներկայացնում «Էդիթ-Պրինտ» հրատարակչության կողմից հրատարակված «Թումանյանը՝ աշխարհի երեխաներին» (բանաստեղծություններ, բալլադներ) գրքից ստեղծագործություններ։ Դրանց մատուցումը երկու լեզվով էր` հայերենով եւ անգլերենով. այնպես, ինչպես նկարազարդ այդ գրքում: Մասնավորապես` հնչում է «Կանաչ ախպեր» բանաստեղծությունը հայերենով, այնուհետեւ շարունակվում՝ անգլերենով։ Հաջորդը թումանյանական «Իրիկունն» է հնչում անգլերենով, բայց կարծես թե այն լեզվով է, որով գրել է հենց մեծն Թումանյանը։ Երեւի թե հենց այս մակարդակի եւ տեսակի մատուցումն է օգնում հասկանալու, թե որքան հասցեական ու նպատակային է կարողացել թումանյանական աշխարհը հայերենից անգլերենի փոխադրել թարգմանչուհի Նազելի Կարապետյանը: Ամենակարեւորը՝ ընկալված եւ հասկացված է Թումանյանի ոգին, որն էլ թարգմանչուհին կարողացել է արտահայտել նաեւ անգլերեն տարբերակում: Ինչ խոսք, այստեղ կա եւ խմբագիր Ջին Թիփնիի, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մնացականյանի ճիշտ ընկալումը եւ ներկայացումը գրքում։

Գրքի շնորհանդեսը եւս մեկ անգամ վկայեց, որ պետք է շարունակել այլ լեզուներով թարգմանել մեր դասական գրականությունը եւ հրատարակել, որ այն ավելի ու ավելի հասանելի դառնա օտարալեզու ընթերցողին։ Բայց նման երկլեզու հրատարակությունները օժանդակ ու յուրօրինակ ձեռնարկներ են նաեւ, տվյալ դեպքում՝ անգլերեն լեզվի ուսուցման գործում։

Այս եւ նման իրողությունները կարեւոր են այն առումով, երբ բոլորս ենք մտածում` ինչպես դիմավորել Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակը։ Նաեւ այսպես, երբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակում է իր գործը՝ վերջին տարիների ընթացքում թումանյանական հրատարակությունների թիվը հասցնելով 35-ի։ «Մեր հրատարակչական ծրագրերում 2019 թվականին նախատեսված է հրատարակել տասից ավելի թումանյանական գրքեր՝ նրա ստեղծագործություններով ու վերլուծություններով, – ասում է հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը,- պետք է շարունակել նորովի բացահայտել Թումանյանին։ Այդ առումով հետաքրքիր գրքեր ենք պատրաստում։ Չպետք է մեզանից ոչ մեկը մոռանա, որ որքան հեռանում ենք Թումանյանից, նրա կարիքը ավելի ու ավելի ենք զգում, քանի որ առանց թումանյանական իմաստնության, մեզ համար դժվար կլինի հաղթահարել 21-րդ դարի մարտահրավերները։ Գրքերի հրատարակության գործում մեծ է Թումանյանի թոռնուհու` Իրմա Սաֆրազբեկյանի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությունը»։

Գրքի շնորհանդեսին ներկա էր «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, ով ընդգծեց, որ հրապարակ են գալիս նման հրատարակություններ, որոնք ողջունելի են: Դրանք հնարավորություն են տալիս ներկայացնել թումանյանական բազմազան աշխարհը` երիտասարդ թարգմանիչների, խմբագիրների, ձեւավորողների, նկարիչների միջոցով: «Վստահ եմ, որ այժմ, երբ քիչ ժամանակ է մնացել Հովհաննես Թումանյանի ծննդյան հոբելյանական օրվանից, պետք է ողջ 2019-ը համարել թումանյանական եւ հաջորդ տարվա ընթացքում հնարավորինս հանրայնացնել մեծ լոռեցու ստեղծագործությունները,- ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, – դա ոչ միայն հնարավորություն կտա ավելի բարձր եւ պոլիգրաֆիական մակարդակով հրատարակել նրա ստեղծագործությունները, այլեւ բացահայտել Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության անհայտ ծալքերը, ինչու չէ՝ նաեւ գաղտնիքները։ Մենք պետք է հասկանանք, որ հոբելյանը ճիշտ եւ նպատակային պետք է օգտագործել: Գաղտնիք չէ նաեւ, որ Թումանյանն ավելի ու ավելի շատ բացահայտման, վերլուծության, անգամ ներկայացման կարիք ունի, թեկուզ եւ նման ինքնատիպ գրքեր հրատարակելով»։

Շնորհանդեսի ժամանակ նաեւ ընդգծվեց, որ փետրվարի 19-ը «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը մեծն Թումանյանի 150- ամյա հոբելյանը կդիմավորի հանրությանը գրքեր նվիրելով, որոնց մեջ այս տարի գերակշռող կլինեն Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները եւ նրան առնչվող գրքերը:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31