Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մի՞թե Սուրբ Երրորդությունը «ոտքի տակ» կարելի է պատկերել

Դեկտեմբեր 22,2018 12:30

Նախկինում երբեւէ հրապարակավ կարծիք չեմ հայտնել այս կամ այն մշակութային իրադարձության մասին, որ տեղի է ունեցել մեր քաղաքում, քանի որ վստահ եմ եղել, որ անելու են այն, ինչ ուզում են: Սակայն հույս ունեմ, որ իսկապես մեր երկրում ինչ-որ բան փոխվել է եւ այսուհետ իմ պարտքն եմ համարում խոսք ասելը, ինչու չէ՝ նաեւ երկխոսելը:
Այսպիսով, տեղադրվում է հուշարձան քաղաքի կենտրոնում՝ Սբ. Աննա եկեղեցուն կից տարածքում: Թեման՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկը (մանրամասն տե՛ս): Չեմ գրում հեղինակի անուն, քանի որ ասելիքս բնավ անձին չի վերաբերում, այլ ստեղծագործությանը: Մրցույթի առաջին տեղը զբաղեցրած հուշարձանը բաղկացած է երեք մասից:

1.Կենտրոնում Նարեկացին է (կարելի է դիտարկել որպես հավատացյալ մարդու ընդհանրացված կերպար, պարտադիր չէ անձնավորել): Կերպարը կրկնում է Մխիթար Գոշի (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան) եւ Արմեն Տիգրանյանի (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան) քանդակները: Ուզո՞ւմ ենք տեսնել մեր քաղաքում նորը, թե՞ հնի կրկնությունը գերադասելի է:

2.Ուղղահայաց կանգնեցված երկու ստելաները խորհրդանշում են հայ ժողովրդի երկատվածությունը, ցավը եւ այլն … Մատյանում մի տեղ անգամ չեն հիշատակվում ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՔ, ՀԱՅՈՑ, ՀԱՅԿԱԿԱՆ եւ նման բովանդակությամբ այլ բառեր: Այո, հպարտ ենք, որ մեր ազգի զավակն է մարդկությանը տվել այդ գլուխգործոցը, սակայն հայկականացնելով այն՝ նեղացնում եւ սահմանափակում ենք ստեղծագործության իրական արժեքը: Ախր Նարեկացու Մատյանը համամարդկային ստեղծագործություն է, աղոթք առ Աստված ցանկացած ազգի եւ ռասայի պատկանող հավատացյալի կողմից:

3.Հորիզոնական դիրքով կանգնեցված հավասարակող եռանկյունին խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը, որը հիմքն է ամեն ինչի …: Գաղափարապես բխում է քրիստոնյա ուսմունքից, այո: Սակայն մի՞թե Սուրբ Երրորդությունը «ոտքի տակ» կարելի է պատկերել եւ այն էլ հորիզոնական դիրքով: Սա արդեն ՊԱՏԿԵՐԱԳՐՈՐԵՆ մեղմ ասած՝ ճիշտ չէ:

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ

21.12.2018    

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆ/http://competition.narekatsi.com. հեղինակ՝ Սահակ Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31