Ռուսաստանը պաշտոնապես կասկածում է Հայաստանին Արեւմուտքի շանտաժին ու ճնշմանը ենթարկվելու մեջ
Պաշտոնական Մոսկվան սկսում է ավելի բաց խաղալ: Հայաստանի ուղղությամբ մեղադրանքներն արդեն բարձր մակարդակով են հնչում: Հետհեղափոխական Հայաստանի իշխանություններին արդեն կոնկրետ մեղադրանքներ են ներկայացնում ոչ թե մեկնաբանների, փորձագետների մակարդակով, այլ պաշտոնյաների:
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի նոր իշխանությունները կարող են խիզախություն գտնել դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը եւ ինքնուրույն որոշումներ կայացնել, «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում նման հայտարարություն է արել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նա մատնանշել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի երեւանյան այցի ընթացքում արած հայտարարությունները: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ամերիկյան զենքը ցանկացած պարագայում ավելի լավն է, քան ռուսականը, եւ խորհուրդ տվեց Երեւանին իր միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեից»՝ նկատում է ռուս պաշտոնյան: «Ընթացիկ տարում երկրում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը նրա ներքին եւ արտաքին քաղաքական գործերին գնալով ավելի ցուցադրական է դառնում»,- նշել է Կարասինը: Վերջինիս խոսքով՝ Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձն անվանեց «պատմական կլիշե», ինչպես նաեւ կարգադրեց Հայաստանին գնել ամերիկյան զենք եւ հնարավորինս արագ միանալ հակաիրանական պատժամիջոցներին: «Եթե այդպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմը, ապա կարելի է պատկերացնել՝ ինչպիսի «թեւերի ոլորում» է կատարվում կուլիսներում»,- ասել է Կարասինը: Ահա, վերջինս հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններում մանդատ ստացած Հայաստանի նոր ղեկավարությունը խիզախություն կգտնի դիմակայելու «բացահայտ արտաքին շանտաժին եւ ճնշմանը եւ կպնդի ինքնուրույն որոշումներ կայացնելու իր սուվերեն իրավունքը»:
Ռուսաստանն, այսպիսով, ցույց է տալիս, որ մի քանի ամիս է՝ չի հաշտվել Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության նախաձեռնության հետ: Նրանց ակնհայտորեն զայրացրել է փաստը, որ պաշտոնական Երեւանն առանց նախօրոք զգուշացնելու, քննարկելու՝ սեփական որոշմամբ նման գործընթաց սկսեց: Ամենայն հավանականությամբ, դրան գումարվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:
Հիմա Ռուսաստանն ու Հայաստանի ՀԱՊԿ-ական եւ ԵԱՏՄ-ական գործընկերներն ամեն առիթ գործածելու են ընդդեմ Հայաստանի հայտարարությունների, խայթոցների, ինչու չէ՝ կոնկրետ գործողությունների: Այս երկրների պահվածքը նորություն չէ, առավել եւս՝ Ռուսաստանինը: Նրանց «մեղադրանքն» էլ միանգամայն կանխատեսելի է՝ Արեւմուտքը սեպ է խրում հայ-ռուսական հարաբերություններում: Այլ հարց է, թե Մոսկվայի կանխատեսելի «օպերացիայի» հիմքում ինչ նպատակներ կան եւ ինչ ակնկալիքներ Հայաստանի ներկայիս իշխանությունից:
Ամենահետաքրքրականն այն է, որ հայ-ռուսական լարումը ստեղծվել է այն դեպքում, երբ Փաշինյանն ակնհայտորեն Ռուսաստանին չզայրացնելու քաղաքականություն է վարում, շարունակաբար շեշտում է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը չի պատրաստվում փոխել: Հիմա Փաշինյանի իշխանությանը գրեթե մեղադրում են Արեւմուտքի պատվերով ընդդեմ Ռուսաստանի գործելու մեջ կամ կասկածում են Արեւմուտքի ճնշմանը ենթարկվելու մեջ: Իսկ սա նշանակում է, որ Մոսկվան այս «հիմքով» կարող է գնալ արդեն Հայաստանի համար էլ ավելի վտանգավոր քայլերի: Ըստ ամենայնի՝ ռուսական կողմն ավելին է ակնկալում Հայաստանից, եւ հավանաբար մոտ ապագայում մենք ականատես կդառնանք, թե էլ ինչ սպասումներ ունեն Հայաստանից:
Իսկ այս փուլում արդեն պաշտոնական Մոսկվան ու Երեւանը անցել են հրապարակային հայտարարությունների, ինչը փաստում է, որ դիվանագիտական խողովակներով քննարկումներ կամ չեն ընթանում, կամ էլ, եթե ընթանում են, դրանք այնքան էլ արդյունավետ չեն:
Հայաստանը հետեւողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով՝ այսպես արձագանքեց պաշտոնական Երեւանը ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը: «Մենք որեւէ պետության հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ պետության հետ հարաբերությունների հաշվին կամ ի վնաս դրանց։ Այս մոտեցումն այսուհետ եւս դրված է լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ապա դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը, նշել է, որ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն. «Ասել եմ, որ ՀՀ-ն ինքնուրույն քաղաքականություն է վարում, ու ես կարծում եմ, որ շատերն են դա տեսնում, եթե ոչ՝ բոլորը: Հայաստանն այս քաղաքականությունը շարունակելու է»: Ճշտող հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն դիտարկում է ամերիկյան զենք ձեռք բերելու հեռանկարը, Փաշինյանն ասել է. «Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ: Դա հայտարարություն էր: Մենք որեւէ կոնկրետ հնարավորություն եւ առաջարկություն այս պահին չենք տեսնում»:
Կարասինի «նուրբ» ակնարկներից բացի՝ մեկ այլ թեմա է հայ-ռուսական հարաբերություններում քննարկվում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում նշել է, որ Մոսկվան եւ Երեւանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը. «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու, եւ այն ամենը, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ՝ որեւէ սպառնալիքի կամ ռիսկերի բացակայության երաշխավորության տեսանկյունից»,- ասել է Սերգեյ Լավրովը: Խոսքը վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողներին: Սակայն հաշվի առնելով Հայաստանից հնչող հայտարարությունները՝ պարզ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Փաշինյանը հայտարարում է, որ ռուս գործընկերները կառավարության հետ երբեք չեն քննարկել ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների տեղակայման արգելքի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ։ «Նման ինչ-որ պայմանագիր նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի գործընկերների հետ այդպեսի հարց չենք քննարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ստիպված եմ եւս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»,- թեմային անդրադառնալով՝ նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Նա ասել է, որ սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը հայ-ռուսական երկկողմ օրակարգի մաս է կազմում: «Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»,- Aysor.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը։
Ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կարող է արգելել, հայ-ռուսական հարաբերություններում խոսքը գնում է երկու սուվերեն, համահավասար պետությունների մասին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նախօրեին Լավրովի հայտարարությանը. «Որքանով տեղյակ եմ, հայկական ու ռուսական կողմերի միջեւ երկխոսություն է գնում կենսաբանական լաբորատորիաների շուրջ։ Այս հարցը մեզ անհանգստացնում է։ Հայկական կողմի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Որեւէ արգելքի մասին խոսք գնալ չի կարող»։
Դեկտեմբերի 20-ին պաշտոնական Երեւանը կրկին անդրադարձել է վերոնշյալ թեմային: Հայաստանը որեւէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինծառայողների տեղակայման հարցով՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ հավելելով. «Այս հարցով հստակ կարող եմ ասել, որ սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական համագործակցության մի մաս է կազմում, ու այդ հարցի շուրջ կա երկխոսություն: Ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին, պետք է վերահաստատել, որ դրանք Հայաստանինն են, այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ, ու դրանք ունեցել են, ունեն եւ կունենան բացառապես քաղաքացիական բնույթ»: Ճշտող հարցին՝ կա՞ քննարկում օտարերկրյա զինծառայողների հարցի շուրջ, ԱԳՆ մամլո քարտուղարն արձագանքել է. «Լաբորատորիաները քաղաքացիական բնույթ ունեն, Հայաստանի պարագայում ռազմական ներկայության խնդիր չկա, միաժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանը որեւէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման հարցով»:
Այս թեմայով կառավարությունը թերեւս պետք է լրացուցիչ պարզաբանում տա՝ ինչ-որ փաստաթղթի շուրջ քննարկումներ այնուամենայնիվ ընթացել կամ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ: Ռուսական կողմի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ կա երկխոսություն այդ թեմայով, մինչդեռ հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, նշում է, որ ՌԴ-ն երբեք չի քննարկել ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների տեղակայման արգելքի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ:
Ըստ ամենայնի, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն առաջիկայում բավական խիտ է լինելու: Քննարկման կարոտ է հարցերի մի ողջ շարան: Դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին կկայանա Փաշինյան-Պուտին եւս մեկ հանդիպում: «Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, ինչը պահանջում է վերականգնում: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում եւ աշխարհում, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի հետ ընտրություններից հետո: «Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք՝ ստեղծված նախորդ սերունդների ղեկավարների կողմից: Հայ ժողովուրդն Անդրկովկասում ռուս ժողովրդի ամենալավ դաշնակիցն է: Պատմականորեն դա այդպես է եղել եւ, հուսով եմ, այդպես էլ կմնա»,- նշել է նա: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ պետք է գործել աշխարհում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ընթացիկ իրականությունից ելնելով. «Մոտ ապագայում մենք դա կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, որը հաջորդ շաբաթ մեզ այցելելու է»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 21.12.2018