Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳՆԱ

Դեկտեմբեր 21,2018 10:30
Shekoyan
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ քառասունիններորդ
ԱՐՏԱԳՆԱ
Օրթախ Ալբերտը միակն է, ով առանց էդ ամենօրյա իրիկնային հավաքների՝ տասը օրից ավել չի դիմանում, ամենաշատը՝ տասնհինգ օր, ու էդ տասը-տասնհինգ օրն էլ Ջերմուկում, Դիլիջանում, Ծաղկաձորում կամ հանգստյան մի այլ վայրում է  դիմանում, ու էդ տասը-տասնհինգ օրն էլ մի կերպ դիմանում է, որովհետեւ համոզված է, որ իր բացակայությամբ էդ ամենօրյա իրիկնային հավաքները տեղի չեն ունենում, ու էդպես էլ կա, ու եթե Օրթախը տասը-տասնհինգ օր որեւէ տեղ հանգստանում է, մնացածներս էլ ճարահատյալ տասը-տասնհինգ օր էդ ամենօրյա իրիկնային հավաքներից ենք հանգստանում, եւ եթե մնացածներիս համար էդ տասը-տասնհինգ օրվա թայմ-աուտն իսկապես յուրօրինակ հանգիստ է, Օրթախի համար իսկական տառապանք է՝ անկախ նրանից, թե ինքն էդ տասը-տասնհինգ օրը որտեղ է հանգստանում, չնայած, պիտի նշեմ, որ հանգստի համար Օրթախը մեր Հայաստանյան հանգստավայրերին է նախապատվությունը տալիս, որովհետեւ եթե Օրթախը Հայաստանում՝ Ջերմուկում, Դիլիջանում կամ Ծաղկաձորում է տասը կամ տասնհինգ օր հանգստանում, էդ տասը կամ տասնհինգ օրվա մեջ Ջերմուկում, Դիլիջանում կամ Ծաղկաձորում  առնվազն մի անգամ օրթախականների արտագնա հավաք է կազմակերպում, եւ տրանսպորի ու գնալ-գալու հարցն էլ անձամբ է կարգավորում՝ Սերոբի կամ իր անձնական վարորդ Արմենի միջոցով, ու դեպքեր են եղել, որ Օրթախը ոչ թե մեկ, այլ երկու անգամ է էդ տեսակ արտագնա հավաք կազմակերպել, ու էդ կերպ Օրթախ Ալբերտն առնվազն երկու անգամ կրճատում է մեր էդ ամենօրյա հավաքների ընդմիջումը, բայց եթե Օրթախն արտասահմանյան որեւէ երկիր է գործուղման մեկնում, բնականաբար մեր հավաքների ընդմիջումը կրճատելու հնարավորություն ու տարբերակ չի ունենում, եւ դրանից ամենից ավելի հենց ինքն է տուժում, որովհետեւ, ինչպես երեւի դուք էլ հասկացաք, ամենօրյա  մեր էդ իրիկնային հավաքներն Օրթախ Ալբերտի կյանքի իմաստներից մեկն է, ընդ որում՝ ոչ երկրորդականը, եւ մյուսներս մեր բացակայությունն անհամեմատ հեշտ ու թեթեւ ենք տանում, քան ինքը՝ իրենը, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ մյուսներս առանց էդ ամենօրյա հավաքների ի վիճակի ենք ապրել, ավելի ճիշտ՝ մյուսներս առանց էդ իրիկնային հավաքների ի վիճակի ենք ապրել, բայց միայն՝ ժամանակավորապես, եւ բոլորս էլ մեր ժամանակավոր բացակայությունից հետո հիմնավորապես վերադառնում ենք դեպքի վայր, ընդ որում՝ ճարահատյալ ենք վերադառնում, որովհետեւ  ուրիշ տեղերում փնտրում ու չենք կարողանում գտնել էն ամենը, որ մեր էս ամենօրյա իրիկնային հավաքներից ենք ստանում:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31