Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր մարզիչների ճնշող մեծամասնությունը դեմ է Տարվա 10 լավագույն մարզիկներին որոշել նաեւ sms քվեարկության արդյունքով

Դեկտեմբեր 21,2018 23:59

Տարվա 10 լավագույն մարզիկներին տասնամյակներ շարունակ որոշել են մարզական լրագրողները: ՀՀԿ-ի իշխանությունների հրահանգով անցած տարի քվեարկության կազմակերպումը վերեւից իջեցված նոր կանոններով իր ձեռքը վերցրեց սպորտի պետական կառույցը եւ ցանկալի արդյունք ստանալու նպատակով քվեարկության ընթացակարգին ավելացրեց նաեւ հանրության sms քվեարկությունը: Դա նկատելիորեն խաթարեց զուտ մարզական արդյունքներով ընտրություն կատարելու սկզբունքը՝ այն վերածելով ավելի շատ անձնական համակրանքի ընտրության:

Այս տարի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության արդեն նոր ղեկավարությունը փոփոխություն մտցրեց քվեարկության ընթացակարգում՝ լրատվամիջոցների եւ sms քվեարկություններին մասնակից դարձնելով նաեւ մարզաձեւերի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներին: Սա ինչ խոսք ընդունելի նախաձեռնություն է, սակայն, միեւնույն է, sms քվեարկությունը մնում է խնդրո առարկա:

Aravot.am-ը լսել է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների տեսակետները:

Հակոբ Սերոբյան: Սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ. «Իմ կարծիքով sms քվեարկությունը սխալ է: Շատ լավ է, որ 10-յակի ընտրությանը մասնակցում են գլխավոր մարզիչները: Լավագույններին պետք է ընտրեն մասնագետները եւ, անպայման, մարզական լրագրողները, որոնք շատ լավ են տիրապետում բոլոր մարզաձեւերի առանձնահատկություններին, քաջ գիտեն մարզիկներին եւ տարվա կտրվածքով նրանց ձեռքբերումները»:

Սեյրան Նիկողոսյան: Հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ. «Կարծում եմ՝ sms քվեարկողների մեջ մեծ թիվ կկազմեն մարդիկ, որոնք իրենց ձայնը կտան անձնական համակրանքով, խնամի-ծանոթ-բարեկամ մտածելակերպով, ինչը կխանգարի մասնագիտական արդար ընտրությանը: Լավ է, որ չկա լավագույն մարզիկ եւ տասներորդ մարզիկ հասկացությունը՝ բոլորը հավասար են: Այլապես պատկերացնում եք, թե տեղերի դասավորության հարցում ինչ կկատարվեր»:

Արմեն Գյոզալյան: Հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ. «sms քվեարկության մասին ես իմ կարծիքը դեռ անցած տարի եմ հայտնել: Միանշանակ դեմ եմ: Ճիշտն այն է, որ լրագրողներն ու սպորտի մասնագետները քվեարկեն: sms տարբերակը ավելի մոտ է շոուին: Նրանց համար կարելի է այլ անվանակարգեր սահմանել, օրինակ, «Մարզասերերի համակրանք»: Հանրությունը, որքան էլ նրա կարծիքը կարեւորենք, մեծ մասով ի վիճակի չէ ճիշտ ու արդար ընտրություն կատարել: Մենք ունենք մի քանի մարզիկներ, որոնցով բոլորս ենք հպարտանում: Բայց 10 լավագույն մարզիկների ընտրությունը բացառապես մարզական արդյունքների գնահատում է, մասնագիտական գնահատում»:

Լեւոն Ջուլֆալակյան: Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ. «sms քվեարկությանն ընդհանրապես դեմ եմ, որովհետեւ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ անտեղյակ լինելով մեծ սպորտից, կարող են քվեարկել իրենց սիրած, համակրած մարզիկի օգտին: Նրանց համար մարզական արդյունքը կարեւոր չէ: Հնարավոր է չէ՞ որ չպատկերացնեն սպորտի խորությունը, չիմանան որն է օլիմպիական մարզաձեւ, որը ոչ օլիմպիական, տեղյակ չլինեն՝ ինչ մրցաշարերով պետք առաջնորդվել, որ տիտղոսն է ավելի հարգի համարվում:

Դրա համար քվեարկություն պետք է կատարեն կոնկրետ մասնագիտացված մարդիկ, որոնք լիարժեք պատկերացումներ ունեն սպորտի բնագավառում: Նկատի ունեմ լրագրողներին, սպորտի մասնագետներին, որոնք ամբողջ կյանքում սպորտի մեջ են: Կարելի է նաեւ սահմանել եւ ներդնել բալային համակարգ, ամեն մրցում ունենա գնահատման իր բալային չափանիշը: Այս դեպքում տարեվերջին մեր հասարակությանը կարելի է ներկայացնել տարվա կտրվածքով մարզիկների մասնակցած մրցաշարերը, վաստակած բալերի քանակը եւ պարզ հաշվարկով որոշել 10 լավագույններին»:

Մարզիչների մեջ կային նաեւ այնպիսիք, որոնց համոզմամբ sms քվեարկությամբ հանրության կարծիքը հաշվի առնելը կարեւոր է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31