Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չէ բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում։ Նրանցից շատերն արդեն երեսուն տարի է բնակվում են «ժամանակավոր» կոչվող վագոն-տնակներում և կորցրել են բարեկեցիկ ապրելու ու բնակարան ունենալու հույսը։
Ներկայումս առկա բազմաթիվ բացասական երևույթների «ծննդավայրը» տնակային ավաններն են. մասսայական հիվանդություններ, քայքայված ընտանիքներ, ծնողական խնամքից զրկված երեխաներ, կրթության բացակայություն… Շարքը կարելի է դեռ երկար շարունակել։
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը տնակների բնակիչների սպասված հյուրն է և նրանց հավաստմամբ մեծ օգնություն է ցուցաբերում` տրամադրելով հագուստ, վառելափայտ, գումար և այլն։ «Շիրակ» կենտրոնը փորձում է ինչքան հնարավոր է Գյումրին ազատել տնակներից։ Այն տնակները, որոնք բնակեցված չեն քանդում ենք ու դրանցից ստացված վառելափայտը բաժանում կարիքավորներին։ Բայց առանց պետական համակարգված աջակցության խնդրին վերջնական լուծում տալ հնարավոր չէ»,-նշեց Վահան Թումասյանը։
Ըստ վիճակագրական տվյալների 2015 թ.-ից սկսած Գյումրիում առողջական խնդիրների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված երիտասարդների 60-70%-ը տնակային ավանների բնակիչներ են։
Գյումրու քաղաքապետարանի բնակարանների հաշվառման և բաշխման բաժնի պետ Արտյոմ Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գյումրու քաղաքապետի հրահանգն է ազատվել տնակներից, փորձում ենք ինչքան հնարավոր է արագ կազմակերպել ամեն ինչ, սակայն տարբեր խնդիրներ են ծառացած ինչպես պատասխանատուների, այնպես էլ տնակների բնակիչների առաջ։
Դեպքեր են լինում, երբ մարդիկ իրենց բնակարանը վաճառում են, պարտքեր են փակում և շարունակում են տնակներում ապրել։ Իսկ այն մարդկանց մասին, որոնք փոխհատուցում չեն ստացել, կարող եմ ասել, որ կստանան։ Ամեն դեպքում տնակաթափումը ընթացքի մեջ է»։
Դեռ բնակարան չստացած և ծայրահեղ աղքատության մեջ ապրող բնակիչների մեծ մասը կա’մ բազմազավակ ընտանիքներ են, կա’ մ միայնակ ծերեր։ «Էս մայլի Գառնիկ պապն եմ»,- բեղերի տակից տխուր ժպտում է 78-ամյա Գառնիկ Թևոսյանը, որը մինչ օրս բնակվում է Գյումրու ամենամեծ տնակային ավաններից մեկում: Ապա հավելում է. «Ընտանիքս երկրաշարժը քանդեց, կինս ու մինուճար տղես մնացին փլատակների տակ։ Էդ օրվանից մենակ կապրիմ, ճիշտ է բարեկամներ ունիմ, բայց մենակ եմ»։
Գառնիկ պապը ավանում հայտնի է իր աճեցրած ծաղիկներով։ Դրանց մասին պատմելիս արցունքները զսպում էր` ասելով. «Կինս ծաղիկներ շատ կսիրեր, մինչև երկրաշարժը ծաղիկների մեծ ու սիրուն պարտեզ ունեինք։ Հմի էլ մխիթարանքս էս ծաղիկներն են»։ Երբ խոսեցինք բնակարան ստանալու սպասելիքների մասին, պապը ձեռքը թափ տվեց. «Ոչ էրել են, ոչ էլ կէնեն, ոչ մի բան էլ չենք սպասե… Մեր ճակատագիրն էլ սպես էր»։
Տնակներում բնակվող ընտանիքների մեծամասնությունը այս հարցին նույն պատասխանն է տալիս` ճակատագրի հարվածների հետ համակերպվածի, այլևս ոչնչի չսպասողի խորը հոգոցով ու ձեռքի մի թափահարումով։
Վիոլետա ԱՌԱՔԵԼՅԱՆ