Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահա ինչ պետք է իմանալ Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքականության, հայ-ռուսական՝ «որևէ խնդիր չունեցող» հարաբերությունների մասին». փորձագետ

Դեկտեմբեր 21,2018 22:10

«Բելառուսի թեկնածուն հայտնել է, որ պատրաստ է գալ Հայաստան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն, այստեղ Հայաստանին անտեսելու խնդիր չկա: Խնդիրն այն է, որ, քանի որ Հայաստանը պնդում էր, որ Հայաստանի թեկնածուն պետք է շարունակի գլխավորել ՀԱՊԿ քարտուղարությունը, բնականաբար, դա հաշվի առնելով՝ Բելառուսի կողմը փորձեց այլ երկրների աջակցությունը ստանալ, հետո նոր համոզել Հայաստանին ընդունել իրենց առաջ քաշած տարբերակը »,- Aravot.am-ին ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով Բելառուսի՝ ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի հանդիպումներին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ Բելառուսի թեկնածությունն արդեն համաձայնեցրել են Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի նախագահները: Ստանիսլավ Զասը եղել է այդ բոլոր երկրներում և հանդիպել այդ պետությունների ղեկավարների հետ:

«Չեմ կարող ասել՝ ինչով կավարտվի այս պատմությունը, կարող եմ ասել, որ Հայաստանը բազմիցս հնչեցրել է այն միտքը, որ ՀԱՊԿ քարտուղարը շատ կարեւոր պաշտոն չէ, ինչը կարող է նշանակել՝ այնպես չէ, որ ՀՀ-ի համար շատ սկզբունքային ու ճակատագրական հարց է այդ պաշտոնը պահելը, եւ եթե ՀԱՊԿ անդամ երկրները կարողանան փաստարկված ներկայացնել՝ ինչու պետք է հիմա ՀՀ-ն չշարունակի ստանձնել այդ պաշտոնը, միգուցե ՀՀ-ն կգնա փոխզիջման: Հայաստանն, այնուամենայնիվ, պետք է որ պահանջի հստակ բացատրություն, պատճառաբանություն՝ ինչու չպետք է շարունակի ստանձնել այդ պաշտոնը»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին, քաղաքագետը զարմացավ. «Ոնց կարելի է այդ պաշտոնին նշանակվել մեկը, եթե պետություններից մեկը իր համաձայնությունը չի տվել, Հայաստանը դեռ համաձայնություն չի տվել, Բելառուսի թեկնածուն ոնց է նշանակվել: Դեռ պետք է այդ տեղեկատվությունը ճշտել՝ ինչ է նշանակում համաձայնեցրել են Բելառուսի թեկնածուի նշանակման հարցը ՀԱՊԿ անդամ երկրների հետ, չունենք պաշտոնական տեղեկություն, որ այս երկրները սատարում են Բելառուսի թեկնածուին»:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով. «Սկզբում Նիկոլի քարոզիչները համոզում էին, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը չպիտի որևէ ազդեցություն ունենա ՀԱՊԿ-ում մեր դիրքերի վրա։ Որոշ ժամանակ անց պնդում էին, որ ցանկացած դեպքում Հայաստանի ներկայացուցիչ կնշանակվի։ Հետո արդեն խոսակցություններ սկսվեցին, որ առանց մեր հաստատման գլխավոր քարտուղար չի նշանակվի։ Հետո սկսեցին պատմել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ հեչ, «50-երորդական կարևորության հարց է»։

Իսկ հիմա, փաստորեն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը պայմանավորվել են, որ Բելառուսի ներկայացուցիչն է լինելու կազմակերպության գլխավոր քարտուղարը, Հայաստանի կարծիքն էլ ոչ ոքի չի հետաքրքրում: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքականության, հայ-ռուսական՝ «որևէ խնդիր չունեցող» հարաբերությունների մասին»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել է Եղոյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31