Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ դատարանում տեսնել, թե ինչպես է Լ. Գալստյանն ապացուցելու, որ «Լիդիան Արմենիա»-ն կոռուպցիոն գործարքներ է արել». Արմեն Մելքումյան

Դեկտեմբեր 21,2018 22:00

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ամուլսարի ոսկու հանքը շահագործող (աշխատանքներն այս պահին դադարեցված են) «Լիդիան Արմենիա» ընկերությունը քաղաքացիական հայց է ներկայացրել «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանի դեմ՝ նրանից պահանջելով հերքել զրպարտություն պարունակող հարցազրույցն ու սոցցանցային գրառումները:

«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ հայցի բովանդակությանը եւ Լեւոն Գալստյանի՝ դատարանում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարություններին: «Որպեսզի հանրության համար պարզ լինի, թե մենք ինչու ենք Լեւոն Գալստյանին դատի տվել, տեղեկացնեմ, թե կոնկրետ որ արտահայտությունների համար ենք նրա դեմ հայց ներկայացրել:

«Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում եւ ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ նա «Լիդիան Արմենիա»-ին մեղադրել է կաշառակերության եւ կոռուպցիոն գործողությունների համար: Նա նշել է, որ ընկերությունը «Լույս» հիմնադրամին 300 հազար դոլար է փոխանցել: Իրականում, ընկերությունը, լինելով պատասխանատու հանքարդյունահանող, մի շարք ծրագրեր է իրականացնում: Մասնավորապես, սոցիալական ծրագրերը մեզանում մեծ ծավալ են կազմում: Ընկերությունն Ամուլսարի ազդակիր համայնքներում իրականացրել է սոցիալական ծրագրեր, այդ թվում՝ «Լույս» հիմնադրամին փոխանցում է արել, որպեսզի տասից ավելի ուսանողներ կրթություն ստանան աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում»,-նշեց Արմեն Մելքումյանը:

Նրա խոսքով՝ «Լիդիան Արմենիա»-ն տարիներ շարունակ հանդուրժողականություն է դրսեւորել նման հայտարարությունների հանդեպ. «Բայց այսօր նման կեղծ հայտարարությունների հետեւանքով ունենք այն, ինչ ունենք Ամուլսարում: Դիմել ենք դատարան, որպեսզի նման անձինք կանգնեն արդարադատության առաջ եւ հիմնավորեն իրենց արտահայտությունները, չէ՞ որ ընկերությանը ծանր հանցագործությունների կատարման համար են մեղադրում՝ ոտնահարելով բարի համբավը: Ուզում եմ դատարանում տեսնել, թե ինչպես է պարոն Գալստյանն ապացուցելու, որ ընկերությունը կոռուպցիոն գործարքների մեջ է եղել՝ «Լույս» հիմնադրամին նշյալ գումարը փոխանցելով: Եթե ընկերությունը կոռուպցիոն գործարքներ է իրականացրել, ապա եկեք եւ ապացուցեք դա դատարանում: Նոր Հայաստանում ունենք անկախ դատարաններ, ուստի եկեք եւ ապացուցեք, իսկ եթե ոչ՝ հերքեք»:

Ինչ վերաբերում է Լեւոն Գալստյանի այն համոզմանը, որ «Լիդիան Արմենիա»-ի կողմից դատարան դիմելը բնապահպաններին լռեցնելու փորձ է, Արմեն Մելքումյանը վստահեցրեց. «Իրենք են փորձում այդպես ներկայացնել եւ այդ կերպ ճնշում գործադրել դատարանի վրա: Այսուհետեւ ընկերությունն ուշադիր է լինելու զրպարտություն պարունակող հայտարարությունների հանդեպ, որոնք արատավորում են իր բարի համբավը: Եթե զրպարտում ես, ապա բարի եղիր պատասխանատվություն կրել»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ «Լիդիան Արմենիա»-ն քաղաքացիական հայց է ներկայացրել նաեւ Անի Խաչատրյանի եւ Թեհմինե Ենոքյանի դեմ: Վերջինս, ըստ Արմեն Մելքումյանի, Ջերմուկի հրապարակում ընկերությանն անվանել է «հանցագործ», իսկ Անի Խաչատրյանն էլ նույնաբովանդակ սոցցանցային գրառում է կատարել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ Կարապէտյան says:

    Թե ինչպես են օտարերկրյա կորպորացիաները թալանում իրենց հետաքրքրող երկրների ընդերքը՝ բարեգործության շղարշի տակ, շատ լավ նկարագրված է John Perkins- ի “Confessions of an Economic Hit Man” գրքում, որից հետո նմանատիպ այլ գրականություն ևս լույս տեսավ: Ցավոք Լիդիան-ի ընկերության հայազգի աշխատակիցները իրենց մեջ ուժ չեն գտնում պաշտպանելու Հայաստանի շահերը և կանգնում են հայրենիքը դավաճանելու ուղու վրա: Արմեն Մելքումյան, ազատվելու դիմում գրեք Լիդիանից և փրկեք ձեր անունը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31