«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիան» այսօր «համաներման հետեւանքները» թեմայով քննարկում էր կազմակերպել:
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանն ասաց, որ բանտը վերջնագիր չէ, տակառ չի, որտեղ մարդուն պիտի պահես, պատերը լայնացնես, վրան պահվող ավտոմատների թիվը շատացնես, որ չփախչեն: Նա ասաց, որ համաներման ինստիտուտի ամենամեծ ջատագովը չէ. «Լիարժեք դեմ էլ չեմ, այն իմաստով, որ ինչ-որ բացառիկ դեպքերի համար կարող ես կիրառել: Օրինակ, պետության համար ծառայություն մատուցածների նկատմամբ կարող են կիրառել: Դա նրա համար է, որ անձը բարիդրացիական հարաբերություն ունենա արդարադատության մարմնի նկատմամբ, ու չենթադրի, թե պետությունը իր արարքի համար ինչ-որ մուռ է հանում»:
Ըստ Արշակ Գասպարյանի, ռեժիմի փոփոխությունը որեւէ մեկը ՔԿՀ-ում չի տեսնում, որ առավել մոտենա դեպի հասարակությանը. «Բանտը պիտի չպահի մարդուն, պիտի ուղարկի՝ դեպի հասարակություն, ինչը չի անում»: Ըստ Գասպարյանի, նոյեմբերի 6-ին կիրառված համաներումը այն համաներումը չէր, որ գնահատվեր՝ անձը ի՞նչ ռիսկերով է գնում հասարակություն: Սա այն չէր, ինչ սպասում էին ու այն բարեփոխումը չէր, ինչի կարիքն ունեին: Փաստն այն է, որ համաներման արդյունքում ունենք հանցագործության աճ: ՔԿՀ-ից դուրս եկածների առնվազն 30 տոկոսը վերադառնում է 6 ամսվա ընթացքում, առավելագույնը 1 տարվա ընթացքում: Արշակ Գասպարյանի խոսքով՝ «Ահռելի աճել է գազի բալոնների, հեռախոսների գողությունը, մեքենաների լուսարձակների, հայելիների գողությունը»: Նրա կարծիքով, մինչեւ հունվարի 15-20-ը շատ կավելանան նաեւ բնակարանային գողությունները, որովհետեւ բնակչության մի ստվար զանգված, հոգնելով ամանորյա ավանդույթներից, որ իրար տուն են գնում-գալիս, արտերկիր են սկսել գնալ, նրանց տները արդեն թիրախի տակ են:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ առաջին հայացքից հասարակությունը դրական արձագանքեց համաներմանը, բայց համաներումը լավագույն մեխանիզմը չէ, որին պետք է դիմենք՝ ՔԿՀ-ն բացելու եւ սխալներն ուղղելու համար. «Կան պատժից ազատման մեխանիզմներ ու այլ հնարավորություններ եւս՝ պայմանական վաղաժամկետ ազատումը, պրոբացիոն ծառայության ներդրմամբ ունենք հնարավորություններ, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ ոչ արդյունավետ են աշխատում այս մեխանիզմները: Միակ հույսն այն է,որ համաներմամբ պլստան ու վերադառնան հասարակություն»:
Հարությունյանն ասաց, որ ՔԿՀ-ներում սոցիալական վերաինտեգրման, հոգեբանական ծառայությունների առումով խնդիր կա, մեկական հոգեբան է նախատեսվում ՔԿՀ-ում, երբ հիմնարկ կա՝ 600-ից ավելի ազատազրկված կա: Եթե անձի հետ աշխատանք չի տարվում, ոչ միայն կրկնահանցագործություններ կլինեն, այլ հենց պատժի կրման վայրում, օրինակ, ինքնավնասումներ եւ այլ խնդիրներ: Ըստ Հասմիկ Հարությունյանի, մինչեւ ապրիլ ամիսը կունենանք բավականին կլորիկ թիվ, որ այս համաներմամբ ազատ արձակվածների գերակշիռ մասը կրկին վերադառնալու է ՔԿՀ:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ ասաց, որ կանանց դատապարտումը հասարակության մեջ ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում, քան պատկերացնում ենք. «ՔԿՀ-ներում հայտնվում են կանայք, որոնք ընտանեկան բռնության լուրջ ճանապարհ են անցել, ամեն երրորդը սեռական բռնության զոհ են եղել: Բանտում հայտնված կինը ամենեւին այն անձը չէ, ինչը կարող ենք տեսնել տղամարդու դեպքում: Տղամարդը քիչ թե շատ ապահով վիճակում է, որովհետեւ ընտանիքը նրանց չի լքում, կանայք իրենցից զրկելով՝ նրանց բերում են սննդամթերք, ծխախոտ՝ ի տարբերություն կանանց, որոնք իրենց պատժի հետ մնում են մեն-մենակ: Կանանց տեսակցությունները երեխաների հետ սահմանափակվում է,որովհետեւ ընտանիքը փորձում է երեխային պաշտպանել ու թաքցնել նրանից այն փաստը, որ իրենց մայրը ՔԿՀ-ում է»:
Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ կանայք, որոնք հայտնվում են բանտերում, կրթական խնդիրներ են ունենում, չեն կարողանում իրենց տեղը գտնել հասարակության մեջ ու դիմում են տարբեր միջոցների ու հարց է՝ ինչո՞ւ պետությունը չի կարողանում ստեղծել այն համակարգը, որ նրանք ձեռք բերեն հմտություններ. «Հետո էլ մարդուն ազատ են արձակում ու վերջ՝ գնա չորս կողմը, որտեղ կտեսնեն քո աչքերը: Չկա սոցիալական աջակցություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ