Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է թանկացել ալյուրը․ տնտեսվարողներից սեղմ ժամկետում հիմնավորումներ են պահանջել

Դեկտեմբեր 21,2018 20:30

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում երեկվանից  հացի գինը թանկացել է 10 դրամով` նախկին 100 դրամի փոխարեն դառնալով 110 դրամ։

Հաց արտադրողների պատճառաբանմամբ, սա պայմանավորված  է այլուրի գնի թանկացմամբ, մեկ պարկ ալյուրը նախկին 23 դոլարի փոխարեն դարձել է 24 դոլար։ Մինչդեռ տնտեսագետ Կարեն Պետրոսյանի հաշվարկներով, ալյուրի գնի մեկ դոլարով թանկացման դեպքում անգամ հացը չէր կարող թանկանալ 10 դրամով, այն առավելագույնը պիտի թանկանար 2,5 դրամով։

Ըստ տնտեսագետի, այստեղ հստակ անելիք ունի  տնտեսական մրցակցության ապահովման գերատեսչությունը․ վերջինս չպիտի թույլ տա օլիգոպոլ մրցակցության ձևավորման, այսինքն` արտադրողների պայմանավորվածությանը։

Այս թեմայի շուրջ մեզ պարզաբանումներ է ներկայացրել  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ տեղեկացնելով, ու ուսումնասիրում են ալյուրի թանկացման պատճառները և տնտեսվարողներից սեղմ ժամկետում հիմնավորումներ են պահանջել։

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանի՝ Aravot.am-ին ուղարկած պաշտոնական պարզաբանման մեջ նշված է հետևյալը․

«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաբաթական երեքանգամյա կտրվածքով դիտանցումներ և մոնիթորինգ է իրականացնում խոշոր ապրանքային շուկաներում, որոնց թվին են պատկանում նաև ցորենի և ալյուրի շուկաները: Վերջին օրերին կատարված մոնիթորինգի արդյունքում արձանագրել է ալյուրի գնի բարձրացում:

ՀՀ ցորենի ներկրման ոլորտում խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են՝ «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, որոնց մասնաբաժինը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում եղել է համապատասխանաբար՝ 52 տոկոս և 23 տոկոս: Հանձնաժողովը դիտարկում է իրականացրել վերոնշյալ տնտեսվարողների մոտ և ամրագրել, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մոտ 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը 2018 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ 214 դրամից դարձել է 223 դրամ, իսկ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի մեծածախ վաճառքի գինը 1 կիլոգրամի հաշվով նշված ժամանակահատվածում 217 դրամից դարձել է 226 դրամ: Ստացվում է, որ ընդհանուր առմամբ ընկերությունների մոտ գնային բարձրացումը կազմել է մոտ 450 դրամ՝ 50 կգ պարկի  հաշվով: Նկատի ունենալով ալյուրի և ցորենի շուկաների սոցիալական նշանակությունը` ՀՀ Մրցակցային մարմինը սկսել է  ուսումնասիրություն՝ պարզելու գնային փոփոխության պատճառը:

Ցորեն ՀՀ հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, որի հաշվին տեղական ընկերությունները  զբաղվում են ցորենի ալյուրի  արտադրությամբ:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ վերոնշյալ ընկերությունների մոտ ալյուրի վաճառքի գների բարձրացում արձանագրվել էր նաև ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին.  գնային բարձրացումը կազմել էր 11-12 դրամ:

Այսինքն, սկսած օգոստոսից, 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը աճել է 20-21 դրամով:  Այս պահին Հանձնաժողովը իրականացնում է լայնածավալ ուսումնասիրություն, որի ընթացքում կհամադրվեն ցորենի և ալյուրի ձեռքբերման, իրացման, ինչպես նաև միջազգային  գները: Գնագոյացման ողջ շղթան ուսումնասիրելուց հետո Հանձնաժողովը կհրապարակի դրանց արդյունքները:

Ինչ վերաբերում է Ձեր կողմից բարձրացված հացի թանկացման վերաբերյալ հարցին, ապա, տեղեկացնենք, որ ՀՀ Մրցակցային մարմինը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում է բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում: Հացի շուկայում գործում են հազարավոր փոքր և միջին ընկերություններ, այս շուկան համարվում է խիստ ցածր կենտրոնացվածության շուկա, հետևապես Հանձնաժողովը այստեղ դիտանցումներ և մոնիթորինգ չի իրականացնում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31