Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը Ձեր կողմից իրականացվող բարեփոխումների և դրական գործունեության նկատմամբ:
Վստահ եմ, որ Ղրղզստանի և Հայաստանի միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, հետագայում ևս կշարունակեն զարգանալ ի շահ երկու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, հաջողություններ պետական գործերում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ