Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ չգա իմ կաբինետս մտնի, դուրս գա, քո տղու համար լավ չի լինի». Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկի պահվածքը

Դեկտեմբեր 21,2018 20:15

Ռուս կնոջ բռնաբարության փորձի մեջ մեղադրվող գյումրեցի տաքսու վարորդը՝ Հրաչյա Շահնազարյանը այս տարվա դեկտեմբերի 8-ին պիտի նշանադրվեր իր սիրած աղջկա հետ: Սակայն մոտ մեկ ամիս առաջ նրան են մոտենում ոստիկաններ ու հրավիրում բաժին: Ավելի ուշ պարզվում է, որ yandex տաքսի ծառայությունում աշխատող վարորդը, մեկ անգամ կատարել էր ռուս զինծառայողի կնոջ պատվերը, համարը ֆիքսվել էր իր մոտ, հետո երկու անգամ հաղորդագրություն է ուղարկել կնոջը, իմացել է, որ ամուսին ունի ու իր պնդմամբ՝ վազն անցել, այլեւս որեւէ քայլ չի արել:

Սակայն ոստիկանությունում կինը հաղորդում էր ներկայացրել, որ տաքսու վարորդը եկել է իր տուն, ինքը մտածել է՝ ամուսինն է, դուռը բացել է, մտել է բաղնիք՝ լոգանք ընդունելու ու տղամարդը փորձել է իրեն բռնաբարել:

Պաշտպանը՝ Էդգար Թումասյանը պնդում է, որ իր պաշտպանյալը՝ Հրաչյա Շահնազարյանը չի եղել այդ կնոջ տանը, չկա որեւէ մատնահետք, ԴՆԹ փորձաքննության համար էլ տրամադրել են արյունը՝ վստահ լինելով, որ հերքվելու է:

Այսօր գյումրեցի այդ երիտասարդի հայրը՝ Վահիկ Շահնազարյանը «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց. «Քաղմասում տղուս վրա դաժե ձեռ են բարձրացրել, որ վրեն վերցնի, առաջարկել են՝ ասա ես եմ, ոչինչ, մի հատ ներողություն կխնդրես, կեթաս: Ըսպես գործը ներողություն խնդրելու գո՞րծ ա»: Երբ Հրաչյա Շահնազարյանին ձերբակալել են, տղայի հարազատները, այն աղջիկը, որի հետ պատրաստվում էր ամուսնանա, ճամփա են փակել ու բողոքի ցույց կազմակերպել դատախազության մոտ:

Հոր պատմելով՝ «Մտել եմ մարզի գլխավոր դատախազի՝ Կարեն Գաբրիելյանի մոտ, ասում եմ՝ ամսի 8-ին տղուս հարսանիքն է, դու 28-ին ձերբակալել ես, ասում է՝ պիտի փաստաբանդ գա, այստեղ նստենք, ձեր խելքի բանը չի, իրար հետ որոշենք, համ ձեզ լավ լինի, համ՝ մեզ: Ես էլ ասեցի՝ հեսա փաստաբանիս խնդրեմ, գա, մենք իրավաբանորեն չենք հասկանում: Փաստաբանս ասեց՝ ես իմ փաստաբանական պարտականություններից կհրաժարվեմ, բայց դատախազի կաբինետ չեմ մտնի…Ասեց՝ մինչեւ չգա փաստաբանդ իմ կաբինետս մտնի, դուրս գա, քո տղու համար լավ չի լինի, ինչ միջնորդություն էլ գրի դատարան, ես մերժելու եմ: Ըտպես էլ շարունակվում է: Էդ էլ իմանաք, որ Կարեն Գաբրիելյանն ու հանրապետության գլխավոր դատախազն իրար քավոր-սանիկ են: Էդ նշանակում է, որ զանգերի միջոցով ինչ ուզենան, էն էլ կանեն՝ Վերաքննիչն էլ կփակեն, վճռաբեկն էլ կփակեն իրանց խոսքերով: Որ ասում են՝ իրավիճակ է փոխվել, հլը մեր Գյումրիում բան չի փոխվել դատական համակարգում»:

Թե ինչու է դատախազը պահանջել, որ փաստաբանն անպայման գնա իր կաբինետ ու իրեն տեսնի, Վահիկ Շահնազարյանը համոզված է՝ «Էդ նշանակում է՝ գործարք է առաջարկում»:

Մենք ճշտեցինք՝ ասացիք, որ քաղմասում ձեր որդուն հարվածել են, որ արարքն իր վրա վերցնի՝ հայրը կանխելով հարցը պատասխանեց. «Հա, բայց հետքեր չի մնացել, էնպես են խփել, որ չերեւա, պրոֆեսիոնալ գործ անողներ են դրանք, լավ գիտեն»:

Հրաչյա Շահնազարյանի պաշտպան Էդգար Թումասյանը կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին: Նա վստահ է, որ ինչքան էլ Փաշինյանն ասում է, որ չի զանգում դատավորների, դա չի նշանակում, որ նրանք ուրիշների զանգերով որոշումներ ու վճիռներ չեն կայացնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31