ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից նոր գլխավոր քարտուղար նշանակելու որոշումը ստորագրելու ժամկետը դեռ անորոշ է, այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության բոլոր անդամ-երկրները, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
Ուրբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային հանդիպում է անցկացրել Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ և ստորագրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ վերջինիս կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Ավելի վաղ իր նշանակումը համաձայնեցնելու նպատակով Զասը արդեն իսկ այցելել էր Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Ընդ որում, Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հինգշաբթի հայտարարել էր, որ Զասի այց Հայաստան չի նախատեսվում:
«Այդ որոշումը պետք է ստորագրվի վեց երկրների ղեկավարների կողմից: Գլխավոր քարտուղարը նշանակվում է վեց երկրների ղեկավարների փոխհամաձայնությամբ»,- «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Զայնետդինովը: Նրա խոսքով, ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ տեղեկություն չունի, թե Լուկաշենկոյից բացի պետություններից որևէ մեկի ղեկավարն արդեն ստորագրել է արդյոք որոշման նախագիծը, իսկ դրա ստորագրման ժամկետներ նույնպես սահմանված չեն:
Զասն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպումներ անցկացնել Հայաստանում և իր նշանակման հարցի շուրջ փոխհամաձայնության հույս ունի: Միաժամանակ, նրա խոսքով, ՀԱՊԿ կանոնադրությունը նախատեսում է սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունում, երբ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս կամ այն հարցի հետ: Այնուամենայնիվ, Զասը այդ հարցում փոխհամաձայնության հույս ունի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ