Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը չբացառեց, որ 850 հազար եվրո արժեցած տրանսպորտային ցանցի նախագծից կարող են հրաժարվել

Դեկտեմբեր 21,2018 19:11

Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւս մեկ անգամ հաստատեց իր խոսքերը, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն երկուսից չորս տարի անհրաժեշտ է: Քաղաքապետը նաեւ չբացառեց, որ բրիտանական խորհրդատվական ընկերության նախագիծը, որի համար վարկային միջոցներից 850 հազար դոլար են վճարել նախկին իշխանությունները, արդյունավետ չլինի՝ հաշվի առնելով, որ մի շարք ուսումնասիրություններ կատարվել են 2014 թվականին:

«Ցավոք սրտի, այո, սա նույնպես ժառանգություն է: 850 հազար եվրո տրամադրվել է բրիտանական ընկերությանը: Այդ հաշվարկն արված է 2014 թ.-ին, անցել է 4 տարի, եւ մենք հարց ենք բարձրացրել, որ իրենց նշած ուղևորահոսքը համապատասխանում է այսօրվա մեր ուղեւորահոսքին, եւ իրենք չեն կարողանում այս հարցին պատասխանել:

Եթե 20 տոկոսից ավելի եղավ այս շեղումը, մենք կարող ենք հիմք ընդունել այս ուսումնասիրությունը, եթե ոչ, ապա ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ: Նրանց պատասխանն ստանալու ենք հունվար-փետրվարին»,- ասաց պարոն Մարությանը:

Նրա խոսքով. «Մենք ստացել ենք այս ժառանգությունը: Ուզենք, թե չուզենք, սա ունենք: Մենք ստացել ենք ոչ միայն վատ տրանսպորտային համակարգ, այլեւ ստացել ենք գրեթե քանդված տրանսպորտային համակարգը: Երթուղային տաքսիներն իրենց մաշվածության եզրին են հասել, որովհետեւ նախորդ իշխանությունները վերջին տարիներին անընդհատ ասում են, որ փոխելու են, եւ տնտեսվարողները ոչ մի լումա չեն ներդրել: Սա մեզ «նվեր» են արել նախորդ իշխանությունները»:

Հայկ Մարությանն ասաց, որ վերջնական տեսքի բերելուց հետո նոր պետք է ներգրավեն մեկ այլ ընկերության, որն արդեն կսկսի տեսական մասը բերել իրական դաշտ, որից հետո նոր պետք է հայտարարվեն մրցույթներ եւ գործընթացը սկսվի.«Նախորդ իշխանություններն այս հետազոտությունն արել են ուղղակի անելու համար, որ ասեին՝ տեսե՛ք՝ ուզում ենք ներդնել տրանսպորտային նոր համակարգ, բայց չստացվեց: Դուք լավ գիտեք, որ գծատերեր կան, որոնք իրենց հետ կապված են, հենց իրենք ենք գծատերեր: Եվ այդ գծերը կորցնելով՝ իրենք կորցնում են շատ մեծ գումարներ: Մյուս կողմից, իրենք չէին կարողանում չկատարել հանրության պահանջը: Ներկայիս իշխանությունների նպատակն է իսկապես բարեփոխել տրանսպորտային ցանցը եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան տրանսպորտ ունենալ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ սա տեղի ունենա մաքսիմալ արագ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31