Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս կինը, սիրեկանին չբացահայտելու համար գյումրեցի վարորդին բաղնիքում բռնաբարության փորձ անելու մեջ է մեղադրել. պաշտպանի վարկածը

Դեկտեմբեր 21,2018 18:50

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացի Ե. Դ.-ին բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով կալանավորվել էր գյումրեցի 28-ամյա մի երիտասարդի՝ Հրաչյա Շահբազյանին, որը տաքսու վարորդ է։

Ռուս կինը, որը Գյումրիի ռազմաբազայի զինծառայողներից մեկի կինն է, ոստիկանության «Մուշ» բաժին էր դիմել՝ հայտնելով, որ վաղ առավոտյան իր դուռը թակել են, բացել է ու առանց նայելու, թե ով է, մտել է բաղնիք։ Իր հետեւից բաղնիք է ներխուժել անծանոթ մի երիտասարդ, ինչպես հետո առերեսման ժամանակ վկայել է՝ հենց Հրաչյան, ու դանակի սպառնալիքներով փորձել բռնաբարել իրեն։ Չի ստացվել, այնուհետեւ տարել է ննջարան, էլի չի ստացվել, տարել է հյուրասենյակ, ռուս կինը վատացել է, տղամարդը գնացել է խոհանոց՝ ջուր բերելու, այդ ընթացքում կինը հասցրել է փախչել տնից հարեւանի տուն։

Բռնաբարության փորձ անելու մեջ մեղադրվող գյումրեցի երիտասարդի հարազատները պնդում են, որ այդ օրը իրենց տղան դեպքի ժամին տանը քնած է եղել, հետո ընկերոջ հետ գնացել է հոգեհանգիստ, հետո նշանածի հետ գնացել է տարբեր օբյեկտներ՝ նշանադրության տեղը որոշելու, այսինքն` բռնաբարության փորձ անողը նա չէ: Գյումրեցի երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանն այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի առավոտյան 8․30-ին, սակայն տուժողը ոստիկանություն է դիմել դեպքից 6 ժամ անց՝ 14․20-ին։ Ու քանի որ կնոջ մոտ «WhatsApp»-ով պահպանված է եղել տաքսու վարորդի լուսանկարը, այն տրամադրել է ոստիկանությանը՝ ասելով, թե բռնաբարության փորձ անողը նա է:

Ցուցմունքում կինը գրել է, որ այդ տղամարդը, որը իր տուն էր եկել՝ բռնաբարելու, եղել է ձմեռային գլխարկով, սակայն հարցին, թե ինչպե՞ս ճանաչեցիք, որ նա է, այն նույն տաքսու վարորդն է , որը մոտ մեկ ամիս առաջ կատարել էր իր պատվերը, ասել է՝ մազերից: Փաստաբանի համար անհասկանալի է՝ եթե գլխարկով է եղել, մազերը ո՞նց տեսավ:

Ռուս կնոջ տանը Հրաչյա Շահնազարյանի որեւէ մատնահետք չի հայտնաբերվել, անգամ այն բաժակի վրայից, որով, ըստ տուժողի, Հրաչյան իրեն ջուր է բերել, նրա մատնահետքը չեն գտել: Հիմա նաեւ ԴՆԹ փորձաքննության են ենթարկելու, որ պարզեն՝ առհասարակ Հրաչյան այդ բաժակին իր կյանքում կպե՞լ է, թե՞ ոչ, նա սիրով տրամադրել է արյան նմուշ՝ վստահ լինելով, որ որեւէ կապ չի կարող լինել, քանի որ այդ կնոջ բնակարանում ինքը չի եղել:

Փաստաբանի խոսքով՝ «տուժողի ցուցմունքը հեքիաթի ժանրից է»: Անհասկանալի է այն, թե ինչու է կինը նախ անծանոթ տղամարդու առաջ դուռ բացել ու ինքը գնացել բաղնիք՝ լոգանք ընդունելու: Կինը ցուցմունքներում, ըստ փաստաբանի, նշել է, որ մտածել եմ՝ ամուսինս է, դրա համար դուռը բացել եմ:

Փաստաբանը դժգոհեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառում են կալանքը՝ այն հիմքով, որ կարող է քրեական գործի վրա ազդեցություն ունենալ. «Գոնե մեկ փաստական տվյալ չկար, ինչից կարող էին ենթադրել, որ իմ պաշտպանյալը կարող է խոչընդոտել: Այն դեպքում, երբ ոչ թե խոչընդոտ կա գործի քննությանը, այլ մենք օգնել ենք, տրամադրել ենք նմուշներ»:

Հարցին, թե ինչո՞ւ պիտի ռուս կինը սուտ մատնությամբ գյումրեցի տղայի ճակատագրի հետ խաղար ու ասեր, որ նա իրեն բռնաբարելու փորձ է արել, փաստաբան Էդգար Թումասյանը պատասխանեց, որ իրենց վարկածն ունեն. «Տուժողը ամուսնուց գաղտնի սերտ հարաբերությունների մեջ է գտնվում մի քանի երիտասարդների հետ, որոնցից մեկի տվյալները մենք ունենք, այդ անձի տվյալները ներկայացրել ենք վարույթն իրականացնող մարմնին: Մենք ենթադրում ենք, որ դեպքի օրը տուժողի տանը ինչ-որ միջադեպ տեղի է ունեցել, որի ընթացքում նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ: Եթե ամուսինը վերադառնար աշխատանքից, բնականաբար, պետք է բացատրություններ տար, թե իր այդ վնասվածքներն ինչի արդյունքում է առաջացել: Իր սիրեկանի տվյալները չբացահայտելու համար դիմել է նման քայլի: Նա դիմել է դեպքի ժամից 6 ժամ անց, այսինքն, մտածել է՝ արժե՞ դիմել, թե՞ ոչ, ինչպե՞ս դիմել, ինչ հայտնել եւ այլն»:
Քանի որ տաքսու վարորդն էլ երկու անգամ իրեն հաղորդագրություն է ուղարկել մտերմանալու համար, որոշել է, որ հենց նրան էլ մատնացույց անի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31