«Իմ քայլը» դաշինքով պատգամավոր Հովիկ Աղազարյանի համոզմամբ, Վլադիմիր Պուտինը չի շնորհավորում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ խանդում է նրան:
«Խանդում է, որ Նիկոլ Փաշինյանն այդքան լեգիտիմության աստիճան ունի»,-«Արարատ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց պատգամավորը:
Aravot.am-ը Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանից հետաքրքրվեց՝ իրե՞նք էլ են կիսում Աղազարյանի համոզմունքը, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեց խանդի պատճառով: Մեր հարցին Վահան Կոստանյանը նախընտրեց պատասխանել գրավոր ու ոչ ամբողջական:
Նա նախ ասաց, որ Պուտինի խանդի վերաբերյալ դիտարկումը Հովիկ Աղազարյանի անձնական կարծիքն է: Իսկ թե կուսակցությունում ինչ են կարծում չշնորհավորելու վերաբերյալ, նա նախընտրեց հիշեցնել, թե ինչ է երեկ ՌԴ նախագահը ասել հայ-ռուսական հարաբերությունների մասին. «ՌԴ նախագահը հայտնել է իր տեսակետը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Նաև մոտ օրերս տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը»:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ չշնորհավորելու վերաբերյալ ասել էր, որ միջպետական արարողակարգը չի նախատեսում նման շնորհավորանքներ. «Ցանկանում եմ ասել, որ այս դեպքում միջպետական արարողակարգի հարցն է։ Նման շնորհավորանքներն ընդունված չեն, շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ