Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեով գործուղման ծախսերն ու պարգեւավճարները ավելացել են, տրանսպորտի, վերելակների համար նախատեսվող գումարները՝ պակասել: Այս մասին մտահոգություն են հայտնել «Լույս» դաշինքի եւ ավագանու ԲՀԿ անդամները:
Այսօր այս եւ բյուջեի հետ կապված այլ ծախսերի վերաբերյալ հարցերին Երեւանի քաղաքապետարանում պատասխանեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով, բյուջեն նախատեսված է քաղաքապետարանի, քաղաքապետի, ինչպես նաեւ ավագանու անդամների կողմից ինչպես քույր, այնպես էլ ոչ քույր քաղաքներ այցելությունների համար:
Ինչ վերաբերում է տրանսպորտային ծախսերի նվազմանն, ապա պարոն Սարգսյանն ասաց, որ տրանսպորտի կենսագործունեության համար բյուջեով սահմանված գումարների նվազում տեղի չի ունեցել: Ըստ նրա,խոսքը Մետրոպոլիտենի վարկային ծրագրի կրճատման հաշվին է, որը պատվիրակված լիազորություններով իրենց փոխանցվում է պետական բյուջեից:
Վերելակների առնչությամբ էլ ասաց, որ ֆոնդը կրճատել են, ոչ թե վերելակների պահպանման եւ շահագործման ուղղությամբ իրականացվող նյութերի հաշվին, այլ,կրճատել են, որովհետեւ կարծում են, որ այդ նույն աշխատանքի ծավալը կարելի է ապահովել ավելի քիչ միջոցներով, քան՝ արվել է:
Հայկ Սարգսյանը նաեւ ասաց, որ 2019 թվականի բյուջեն 2018-ի համեմատ ունի 2 միլիարդ դրամի մուտքերի աճ. «Սա համարում ենք բավական համեստ պլանավորում, որովհետեւ մեր տեսլականը աճի պլանավորման, ավելին էր, քան մեր պլանավորածը»:
Խնայողություններն էլ, ըստ Հայկ Սարգսյանի, տեղի կունենան ուռճացված ծախսերը կրճատելու հաշվին. «Նախորդ տարի մանկապարտեզների սննդին ուղղված սննդի ֆինանսավորման ծավալները, նույն սննդի, որում քանակական փոփոխություն չենք տվել, նույն գնումները, նույն մրցույթները շահվել են երկուսը գերազանցող անգամ գումարներով»:
Ասաց, որ բյուջեն քննադատողները բյուջեն կցկտուր տեղեկությունների տեսքով է հրապարակվել եւ ոչ ամբողջական. «Երբ որ մենք պլանավորում ենք 159 միլիոն վերապատրաստման ֆոնդ եւ դա ներկայացվում է, որպես անգլերենի ուսուցման ծախս, այնքան էլ բարեխիղճ չէ, որովհետեւ, պլանավորված վերապատրաստման միջոցները պետք է ծառայեն աշխատակիցների աշխատանքային որակական հատկանիշների բարձրացմանը, դրա մեջ մտնում են առնվազն 2 ոլորտի նեղ մասնագիտական ծառայություններ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ