Երեւանի, Գյումրու եւ հանրապետության մյուս քաղաքների օրինակով, մի քանի օրից Վանաձորը եւս անցում կկատարի շրջանաձեւ երթեւեկության: Քաղաքում կատարվում են ճանապարհային երթեւեկության կանոնների համապատասխան գծանշումների եւ նոր ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: Փոփոխության համաձայն՝ Թումանյան, Լոռվա, Վարդանանց եւ Քոչինյան հրապարակներում կմեկնարկեն շրջանաձեւ երթեւեկության նոր կանոնները:
-Օրը վերջնական չենք որոշել, որովհետեւ իրազեկման խնդիր ունենք: Մենք կկազմակերպենք, ամեն ինչ կբերենք ելման դրության, բայց կտեսնենք իրազեկվածության աստիճանը, նոր կազդարարենք մեկնարկը: Որովհետեւ Երեւանի փորձը ցույց տվեց, որ կիրառման սկզբնական շրջանում վթարների վտանգ կա: Կարծում եմ, որ գոնե առաջին մի քանի շաբաթը ճանապարհային ոստիկանությունը պետք է ուժեղացված ծառայություն իրականացնի, որպեսզի նաեւ վարորդների զգոնությունը բարձրացնենք՝ շրջանաձեւ երթեւեկության գոտի մուտք գործելու, կանոնները ճիշտ պահպանելու եւ նաեւ վթարային իրավիճակներից խուսափելու համար,- ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ եթե մինչ տարեվերջ կարողանան բնակիչներին պատշաճ իրազեկել փոփոխության մասին, ապա երթեւեկությանն անցում կկատարեն մինչեւ նոր տարին, եթե ոչ, ապա Վանաձորը շրջանաձեւ երթեւեկության կանցնի 2019 թվականի հունվարից:
Շրջանաձեւ երթեւեկության արդյունքում՝ երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները: Մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
Ճանապարհային երթեւեկության նոր ձեւին անցում կատարելու համար համայնքային բյուջեից տրամադրվել է շուրջ 5 միլիոն դրամ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ