«Այն, ինչ զգում եմ ես՝ ցանկանում եմ զգան ինձ լսողները»,-ասում է դաշնակահար Խաչիկ Անդրեասյանը: Հայ դաշնակահարը նոտաներն ու օկտավաները խաղարկելով ստեղծում է իր կյանքի երաժշտությունը։ Երաժշտական առաջատար հոսանքները չեն շրջանցել նրան և արդեն մի քանի տարի նա ապրում է այդ աշխարհում՝ հայտնվելով բեմում նոտաների, դաշնամուրի և իր աղոթքների ուղեկցությամբ։ Խաչիկը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, որոնցից վերջինը Armenian First International Piano Competition էր, որտեղ գրավեց 2-րդ տեղը։ Երիտասարդ դաշնակահարը օրինակ է, որ արտիստը արտիստ է անգամ 20 տարեկանում և որ սերը դեպի՝ Ֆ․ Լիստի Սոնատը Դանթեի ընթերցանությամբ ստեղծագործությունը, կարող է ճանապարհ բացել մինչև Եվրոպայի ամենահայտնի բեմեր։ «Մինչև 6 տարեկան տանը առանց հասկանալու նոտաները նվագում էի և դպրոցի հետ միաժամանակ ընդունվեցի երաժշտական դպրոց, հույս ունենալով, որ կգնամ կիթառի, բայց երբ ստուգեցին տվյալներս, ասացին՝ միանշանակ պետք է հաճախեմ դաշնամուրի դասերին»,-ասում է Խաչիկը:
Արդեն երաժշտական աշխարհում տարբեր նոտաների՝ ֆորտեների և պիանոների համադրությամբ, սևով սպիտակի վրա, նոր էջից սկսեց կերտվել ապագա դաշնակահարի կյանքը։ «Երկու տարվա երկար ու անհետաքրքիր դասերից հետո որոշեցի թողնել դաշնամուրը։ Ծնողներիս հետ գնացինք գործերս վերցնելու և ինչքան էլ ինձ համար անսպասելի էր, տնօրինությունը չտվեց դրանք, պնդելով որ մնամ, համոզեցին, որ տարբեր մեթոդներով կաշխատենք իրար հետ, գործեր կգրենք և հետ պահեցին դուրս գալու մտքից: Չայկովսկու անվան դպրոց ընդունվելը և արդեն լուրջ և տաղանդավոր երաժիշտների մեջ կորչելու վախը իրոք շատ մեծ էր։ Ես համարում էի, որ անհնար է հասնել իրենց մակարդակին, բայց շնորհիվ՝ Արմեն Բաբախանյանի, որն ի սկզբանե հավատաց իմ ուժերին, ես՝ գնալով սկսեցի մեծ աճ գրանցել»,-հավելում է նա:
Չայկովսկու անվան դպրոցն ավարտելուց հետո արդեն հաստատ էր, որ էլ ուրիշ ճանապարհ չկա՝ պետք է երաժիշտ դառնա։ Կոնսերվատորիա ընդունվեց ամենաբարձր՝ 60 միավորով։ Կոնսերվատորիա ընդունվելու հետ համատեղ Արմեն Բաբախանյանը հրավիրեց Խաչիկին մասնակցել իր նոր ծրագրում, և նա այլևս դարձավ դրա անբաժանելի մասնիկը։ «Մինչև ելույթիս օրը, գրեթե ոչինչ չեմ զգում, բայց արդեն համերգից մեկ ժամ առաջ հասկանում եմ, որ մի տարօրինակ զգացում կա, որ չեմ կարող բացատրել, ունենում եմ ահռելի մեծ ցանկություն լավ ելույթ ունենալու և այն, ինչ զգում եմ ես ՝ցանկանում եմ զգան ինձ լսողները…Ի դեպ, փոքր դահլիճներում ելույթ ունենալը ավելի բարդ է, քան մեծ լսարան ունեցող դահլիճում»,- ասում է երաժիշտը և հավելում, որ դեռ չի պարզել, թե որն է դրա պատճառը։ Իսկ հանդիպելով տարբեր ազգերի հանդիսատեսին, համարում է, որ իր ամենալավ լսարանը Հայաստանում է . «Երբ Հայաստանում լսվում է իմ անունը, դա ինձ համար ամենանշանակալիցն է, Աստծուց խնդրում եմ լավ ելույթ ունենամ և բարձրանում եմ բեմ»։
Դաշնակահարը կարծում է, որ երաժշտության մեջ հայտնվելուց հետո ամբողջովին փոխվում է մարդու աշխարհայացքը, երաժշտությունն իրեն տվել է սեր դեպի արվեստը, որին էլ երբեք ոչինչ չի փոխարինի։
Մայա ՀԱԽՎԵՐԴՅԱՆ