Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Գազի գնի պայմանագիրը ավարտվում է, մենաշնորհը՝ ոչ

Դեկտեմբեր 21,2018 17:03

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայտնի «գազային» պայմանագիրը, որն ուներ 2 բաղադրիչ՝ համաձայնագիր ՀայՌուսԳազԱրդի բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Ազգային ժողովում տեղի ունեցավ պայմանագրի վավերացումը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի խոչընդոտման փորձերի, ինչպես նաև Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների պահանջի:

Մենաշնորհը 30 տարով, գինը՝ 5

Առաջին համաձայնագրով «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից»: Ավելին, այդ համաձայնագրով (ու հետագայում ստորագրված դրա փոփոխությամբ) երաշխավորվեց, որ կառուցվելիք Հայաստան-Իրան ու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրալարերով էլեկտրաէներգիայի արտահանման առավելությունը անցնում է «Հրազդան-5» Ջերմաէլեկտրակայանին, որը պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Սա էապես խոչընդոտում է հետագայում նոր ատոմակայանի կառուցումը և Իրանի հետ գազի բարտերի ծավալների մեծացումը, սակայն այդ հարցին հարկ է անդրադառնալ առանձին:

Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց մինչև 150 (այդ նվազումների համար հայկական կողմը նորանոր արտոնություններ էր տալիս «Գազպրոմ Արմենիային»): Սակայն 2013 թվականի այս համաձայնագիրը կնքված էր 5 տարով և հաշված օրերից կդադարի գործել:

Այլ կերպ ասած՝ 2019 թվականի հունվարի 1-ից ի վեր ռուսական կողմը գազի գնի հետ կապված որևէ պարտավորություն չունի, այնինչ «Գազպրոմին» տրված բոլոր առավելությունները կպահպանվեն առաջիկա 25 տարիների ընթացքում:

Այժմ ՀՀ իշխանությունները ակտիվ բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ, սակայն «շնորհիվ» նախորդ իշխանությունների ստորագրած այս համաձայնագրերի, բանակցություններում հայկական կողմը շատ թույլ է, քանի որ այն ամենը, ինչ հնարավոր էր շահավետ գնի դիմաց փոխանցել «Գազպրոմին», արդեն փոխանցված է: Ավելին, առաջին համաձայնագրի դրույթներից ստացվում է, որ հայկական կողմը չի կարող բանակցել Իրանի հետ՝ փորձելով ստանալ առավել ձեռնտու պայմաններ կամ ապահովել Իրանի և Ռուսաստանի միջև մրցակցություն՝ գազի հայկական շուկայի համար:

Գինը

2013 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց,  որ Հայաստանում գազի գինը կլինի Ռուսաստանի ներքին գնի չափ: Սակայն գործնականում Ռուսաստանի կովկասյան շրջաններում բնակչության համար գազի խորանարդ մետրի գինը կազմում է մոտ 5,5 ռուբլի կամ մոտ 40 դրամ՝ շուրջ 4 անգամ ավելի էժան, քան հայաստանցիների համար:

Ավելին, 2013 թվականի դեկտեմբերից հետո բնական գազի միջազգային գները էապես նվազել են: 2016-ի մարտի դրությամբ դրանք նվազել էին 75 տոկոսով, սակայն Հայաստան առաքվող գազի գինը նվազեց ընդամենը 15 տոկոսով: Այժմ բնական գազի միջազգային գները շուրջ 30 տոկոսով ավելի էժան են, քան 2013 թվականի դեկտեմբերին:

Այսինքն՝ եթե 2013 թվականի պայմանագրով «Գազպրոմին» մենաշնորհներ չտրվեին և ապահովվեին մրցակցային պայմանները, հնարավոր կլիներ Իրանի և Ռուսաստանի միջև մրցակցություն ստեղծել ու գազը գնել այն կողմից, որը կառաջարկեր առավել էժան պայմաններ:

Իսկ ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված է լինելու գազը գնել «Գազպրոմից»՝ անկախ առաջարկվող գնից: Այս պայմաններում բանակցությունները դառնում են առավել քաղաքական, և ձևավորվող գինը արտացոլում են քաղաքական պայմանավորվածությունները, որոնց մեջ կարող են լինել և այլ բաղադրիչներ:

 Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31