Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել Լեւոն Գալստյանին. «Փորձում են լռեցնել»

Դեկտեմբեր 21,2018 16:35

Դատավոր Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ այսօր «Լիդիան Արմենիա»-ն ընդդեմ Լեւոն Գալստյանի գործով հերթական նախնական դատական նիստն էր: Այս քաղաքացիական հայցով Ամուլսարը շահագործող ընկերությունը «Հայկական բնապահպանական ճակատ»(ՀԲՃ) նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, բնապահպան Լևոն Գալստյանից պահանջում է հերքել civilnet.am-ին տված հարցազրույցում հնչեցրած տեղեկությունները, ինչպես նաեւ՝ ՀԲՃ-ի եւ Գալստյանի «ֆեյսբուքյան» էջերում կատարված որոշակի գրառումները, որոնք, ըստ «Լիդիան»-ի, զրպարտիչ բնույթի են: Ընկերությունը պահանջում է նաեւ բնապահպանից իր օգտին բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում:

Նիստի մեկնարկին լրատվամիջոցների ներկայացուցիչները դատավորից խնդրեցին թույլատրել տեսանկարահանել դատական նիստը: «Լիդիան»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ելենա Կասպարովան առարկեց. «Դեմ չեմ, որ ԶԼՄ-ները ներկա լինեն եւ ձայնագրառումներ անեն, բայց դեմ եմ տեսանկարահանմանը:

Պատասխանող կողմ Լեւոն Գալստյանը չհամաձայնեց. «Գործը հանրային նշանակություն ունի եւ հանրային շահ է հետապնդում, տեսագրությունը պետք է թույլատրվի»: Ելենա Կասպարովան էլ իր հերթին չհամաձայնեց. «Չհասկացա, թե ինչով է հիմնավորում հանրային շահը: Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա նկարահանման»:

Դատավոր Վարդազարյանի որոշմամբ՝ տեսանկարահանումը մասամբ թույլատրվեց. «Լիդիան»-ի շահերի ներկայացուցչին տեսանկարահանելն արգելվեց: Ապա «Լիդիան»-ի շահերի ներկայացուցիչ Ելենա Կասպարովան հայտարարեց, որ ցանկանում է հստակեցնել՝ լրացնել իրենց հայցապահանջը, եւ այդ հիմքով նիստը հետաձգվեց մոտ մեկ ամսով:

Լրագրողների հետ զրույցում Լեւոն Գալստյանն ասաց, որ «Լիդիան»-ի հայցը փորձ է՝ լռեցնելու եւ վախեցնելու այն մարդկանց, որոնք շարունակում են պայքարել ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման դեմ. «Ենթատեքստից կտրված հատվածներ են վերցրել եւ ներկայացրել: Օրինակ, գրել են, որ ես ասել եմ՝ «Ամուլսարում 73 տոննա ոսկի չկա»: Նորից եմ կրկնում՝ լուրջ կասկածներ ունեմ, եւ շատ գիտնականներ են ասում, որ այդտեղ այդքան ոսկի չկա: Չեմ կարող հիմնվել միայն շահագրգիռ կողմի տվյալների ու նախկին կոռումպացված կառավարության տված շահագործման թույլտվության վրա: Սա շատ պարզ է ինձ համար՝ որպես հանրային գործիչ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/965617316972882/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Լիդիան Արմենիա»-ի մեկնաբանությունը դատական հայցի առնչությամբ այսօր Aravot.am-ը կներկայացնի ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31