Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. «Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»

Դեկտեմբեր 21,2018 16:28

Երեւանի ավագանու արտահերթ նիստում այսօր քննարկվեց նաեւ Հանրապետության հրապարակի տոնածառի հարցը: Ավագանու անդամները, մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքից հարցը ներկայացնող քաղաքապետարանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանից հետաքրքրվեցին, ինչու այդ գնով, այդ պայմաններով են այն ձեռք բերել: Հորդորեցին մանրամասներ ներկայացնել:

Պարոն Մկրտչյանը պարզաբանեց, որ «Երեւան 2800» մշակութային հիմնադրամը հարցում է կատարել ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի տոնածառների գծով մասնագիտացված ընկերություններին: Սակայն միայն ռուսական ընկերությունն է, որ կարողացել է ժամանակի եւ այլ պայմանների մեջ տեղավորվել:

Այս հարցի քննարկման ժամանակ ելույթի իրավունք խնդրեց «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Սամսոնյանը, որի ելույթը սակայն չէր առնչվում տոնածառին: Անի Սամսոնյանը, դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ասաց՝ «Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից: Երեք ամիսների ընթացքում ձեր աշխատանքից ակնկալիքներն ավելի մեծ են եղել, քան՝ իրականությունն է»: Անի Սամսոնյանն ասաց, որ նամակներին պատասխան չի ստանում Հայկ Մարությանից, որ կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի վերաբերյալ մանկավարժների բողոքին որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում, որ աղբահանության օպերատոր Սանիթեքի հարցն այդպես էլ չի լուծվում եւ քաղաքը աղբից չի մաքրվում՝ չնայած, երկրորդ օպերատոր ունենալու նախընտրական խոստումներին, որի մասին «Լույսն» է իր ծրագրում առաջինը նշել:

Անի Սամսոնյանը Հայկ Մարությանից պահանջեց՝ հեռացնել Աննա Ստեփանյանին եւ լուծարել Սանիթեքի հետ կնքված պայմանագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Սամսոնյանի խոսքով, քանի որ քաղաքապետը չի կարողանում լուծել Սանիթեքի հարցը, գուցե քաղաքապետին «սպառնո՞ւմ են, շանտաժ են անում, վախեցնո՞ւմ են»:

Հայկ Մարությանն ի պատասխան ասաց, որ ինքն այդ պաշտոնում պատվիրակված է ժողովրդի կողմից. «Աշխարհում, Հայաստանում չկա մի այնպիսի մարդ, որը կարողանա ազդել իմ որոշումների վրա, ես դա ձեզ հստակ կարող եմ ասել, չկա այդպիսի մարդ, կազմակերպություն: Եվ միակ սուբյեկտը, որ կարող է ազդել իմ որոշման վրա, դա ժողովուրդն է»:

Մարությանն ասաց, որ Սանիթեքի հետ 10-ից ավելի քննարկումներ են ունեցել սեփականատերերի մեծ կազմով, սուր հարցադրումներ են արել, երկրորդ օպերատորի հետ կապված խնդիրն էլ է բարձրացվել. «Վերջին հանդիպման ժամանակ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնօրենը պետք է մեկնի, հանդիպի սեփականատերերի հետ, որպեսզի քննարկի այդ հարցը: Այսինքն՝ մենք եկել ենք նրան, որ իրենք պատրաստ են այդ հարցը քննարկել եւ դրան եկել ենք աստիճանաբար, առանց սուր խնդիրների, որ կարող են առաջանալ կտրուկ գործողությունների ժամանակ: Չեմ ուզում բացել այստեղ մանրամասներ, որովհետեւ կխանգարի բանակցային գործընթացին: Բայց այսօր իրենք քննարկում են այդ հարցը: Ամեն ինչ արվում է, որպեսզի Երեւանը լինի մաքուր, մեր գլխավոր խնդիրը դա է»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31