Արդեն երրորդ տարին է՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն (COAF) անցկացնում է ԶԼՄ մրցանակաբաշխություն: Դեկտեմբերի 21-ի ամփոփվեց մրցույթը, որի թեման կրթությունն է։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանը տեղեկացրեց, որ եթե 2016-ին COAF-ի մասին 520 հրապարակում է եղել, 2017-ին` 500, ապա 2018-ը չավարտված` 700: «Շնորհակալ եմ, որ COAF-ի բուռն եւ կարեւոր գործունեությունը դուք էլ կարեւոր եք համարում եւ լուսաբանում»,-ասաց Անահիտ Էվոյանը:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն, վարչական հարցերով ղեկավար Իննեսա Գրիգորյանը նշեց, որ երեխաների աչքերի փայլն իրենց ուժ է տալիս շարունակել իրենց ծրագրերը:
Մանրամասները` տեսանյութում
Ամենաակտիվ լուսաբանման համար մրցանակներ ստացան «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «168 ժամ» թերթը, News.am կայքը, Հանրային ռադիոն, «Ֆոտոլուրը» եւ «Շանթ» հեռուստաընկերությունը: COAF-ի աշխատանքները լուսաբանած ամենաակտիվ լրագրողներն էին 1in.am կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանը, «Առավոտ» օրաթերթի թղթակից Գոհար Հակոբյանը, «Անկյուն+3» ՀԸ լրագրող Մերի Կոլոլյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանը:
Կրթության թեման լավագույնս լուսաբանած լրագրողներն էին «ԱՐ» հեռուստաընկերությունից Քրիստինե Ոսկանյանը, Լոռու մարզի դպրոցներում ջեռուցմանը վերաբերող նյութի համար Էդուարդ Արզումանյանը, «ՍիվիլՆեթի» լրագրողական թիմը, Հանրային ռադիոյի լրագրող Աիդա Ավետիսյանը: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հատուկ մրցանակին արժանացավ «Մեդիամաքսի» լրագրող Լուսինե Ղարիբյանը: Լրագրողները նվեր ստացան Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» եւ Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գրքերը, իսկ Լուսինե Ղարիբյանը Լոռու SMART կենտրոնի հյուրատանը երկօրյա գիշերակացի հնարավորություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ