Aravot.am-ի տեղեկություններով ՝ «Իմ քայլը» դաշինքը հակված է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի խորհրդի նախագահ տեսնել Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա հ/կ-ի նախագահ, Վերարտադրողականության «Fertility center» կենտրոնի հիմնադիր, տնօրեն Էդուարդ Համբարձումյանին, սակայն բժշկական համալսարանում կարծես այլ տրամադրություններ են:
Հիշեցնենք, որ պարոն Համբարձումյանը մինչեւ հեղափոխությունը վայելում էր Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի աջակցությունն ու հովանավորությունը, ընդհուպ նրա կենտրոնի սարքավորումների ներմուծմանը, «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի միջոցով բարեգործական բնույթ էր հաղորդվում: Ներկայումս պարոն Համբարձումյանը «Իմ քայլը» դաշինքի բարեհաճությունն է վայելում:
Aravot.am-ը Էդուարդ Համբարձումյանից հետաքրքրվեց` ճի՞շտ է, որ սկսել է ստուգել համալսարանում` տարբեր մարդկանց իր հանդեպ տրամադրվածությունը:
«Ես տրամադրություններ չեմ ստուգում, ուղղակի դեմ չեմ լինել խորհրդի նախագահ: Ինձ հարցրել են, ես ասել եմ` դեմ չեմ լինի, բայց գիտեմ, որ այլ թեկնածուներ էլ կան, գիտեմ, որ իրենք էլ ցանկություն ունեն: Մի խոսքով, ես նրանցից մեկն եմ»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, որ նախկինում վայելել է Ռիտա Սարգսյանի աջակցությունը, իսկ հիմա ինքը քաղաքական նախասիրությունների կտրուկ փոփոխություններ ունի, Էդուարդ Համբարձումյանը պատասխանեց. «2005 եւ 2011 թթ. ռուսերեն եւ անգլերեն գիրք եմ հրատարակել, եթե կարդաք, կարող է այդ մասին ինձ ոչ մի հարց չտաք, որովհետեւ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, նայել եմ, տեսել եմ ժողովրդի վիճակը, նույնիսկ այդ գրքերից մեկում` 2005 թ. փոքրիկ մի բան եմ գրել, որ եթե այսպես շարունակվի, 17 թիվը կգա Հայաստան: Այսինքն՝ 13 տարի առաջ ես կանխատեսել եմ այսօրվա օրը:
Եթե նույնիսկ «Արագիլը» արել ենք, չենք արել սրա-նրա հովանավորությամբ, մինչեւ Ռիտա Ալեքսանդրովնայի հովանավորելը 2 տարի նույն ծրագրերով նախարարություններում էի, դռներ էի թակում, որ սա օգնի, նա օգնի: Ինքս բալետ եմ գրել, որպեսզի «Արագիլ» հիմնադրամ ստեղծվի: Դրանից մեկ տարի հետո նոր հովանավորությունը եղել է: Հարցը եղել է զույգերին օգնելը, ոչ թե ինչ-որ մեկի հովանավորությունը»:
Նա հավելեց. «Իմ եղբայրը 25 տարվա ՀՀԿ-ական պատգամավոր է, սա ամեն օրվա խոսակցությունն է նրա հետ, որ դուք սխալ էիք, այսպես չէր կարելի շարունակել, երկիրը տանում եք կործանման; Բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես բժիշկ եմ: Ինչ արել եմ հազարավոր զույգերի համար, նպատակն այն էր, որ գողացած գումարները ժողովրդին հասնեին, ովքեր երեխա չունեին, ունենային: Այնպես որ, ինձ չեն հովանավորել, զույգերին են հովանավորել: Կուզենամ հիմա էլ հարուստ մարդիկ հիմնադրամներ ստեղծեն, ժողովրդին օգնեն»:
Էդուարդ Համբարձումյանը դժգոհեց, որ այս թեման իր կենսագրության համատեքստում «փոխանակ պլյուսի վրա դնելու, մինուսի վրա են դնում»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ նրա` մասնավոր բուհերի, մասնավորապես «Հայբուսակի» արտասահմանցի ուսանողների պետական քննության հանձնաժողովի նախագահ կամ անդամ լինելուն: Մեր զրուցակիցը չհերքեց. «Խոսքը 17 հնդիկների մասին է, որոնք բժշկական համալսարանից դուրս էին մղվել, աղմուկ եղավ, ու հետո բոլորը հայտնվեցին «Հայբուսակում»: Նրանց քննությունները պետք է անգլերեն իմացող մարդ վերցներ, ես էլ նոր էի ԱՄՆ-ից եկել, գնացի քննեցի, ով ինչ գնահատականի արժանի էր, ստացավ: Իսկ Իսրայելի աղմկոտ պատմության հետ կապ չունեմ»:
Նա նաեւ ասաց, որ իր դիրքորոշման մասին ժամանակին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում: «Ռիտա Ալեքսանդրովնայի հետ կապված անձնական որեւէ խնդիր չկա, ոնց հարգանքով եղել եմ, էդպես էլ կամ, Վիգեն Սարգսյանն իմ ընկերն է, Լեռնիկ Ալեքսանյանը իմ եղբայրն է, իսկ խուժանության, բանդաների հետ կապված իմ վերաբերմունքը չի կարող լինել դրական»,- հավելեց նա: Ասաց, որ բժշկական հիմնարկների ղեկավարները հեղափոխությանը աջակցելու նախաձեռնություն հետո են ցուցաբերել, ոչ թե ապրիլին, մինչդեռ ինքը ոչնչից չի վախեցել:
Դառնալով Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմին, հավելենք, որ ներկայումս այնտեղ մեծ թվով «Իմ քայլի» ներկայացուցիչներ կան, թեեւ քանիցս հայտարարվել է, որ քաղաքական թիմը դեմ է բուհերի կուսակցականացմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ոնց որ արդեն չգիտեն ու՞մ վրա, ի՞նչ թեմայով ցեխ շպրտել։ Ենթադրենք թե մի մարդ ՀՀԿ-ական է ու շատ լավ դիզայներ։ Հիմա ի՞նչ` էլ չի կարո՞ղ իր սիրած գործով զբաղվել: Իսկ բժշկի քաղաքական հայացքները ընդհանրապես կապ չունեն իր կատարած գործի հետ։ Այս կենտրոնը պատվով կատարում է իր առաքելությունը, 1000-ավոր զույգեր տարիներով երազում են երեխա ունենալ, ու երեզանքը իրականանում է այս կենտրոնում։ Իսկ Ռիտա Սարգսյանը( ու ոչ միայն նա) հովանավորել է Արագիլ հիմնադրամը, որը օգնել է անպտուղ զույգերին ֆինանսապես։ Այդ հիմնադրամում գրանցված ու հովանավորություն ստացած զույգը ինքն է որոշում, որ կենտրոնում պետք է բուժում ստանա։ Նույն հաջողությամբ կարող է ընտրել “Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը”( բոլորիս հայտնի Մարգարյան հիվանդանոցը) կամ “Վիտրոմեդ ” կենտրոնը, որտեղ նույնպես կատարվում է արտամարմնային բեղմնավորում և անպտղության բուժում։ Մի խոսքով եթե բժ. Համբարձումյանի թեկնածության մասին որպես մարդ ու բժիշկ բան կա ասելու բերեք քննարկենք, բայց բժշկին` ով 1000-վոր զույգերի երջանկացնում է ամեն օր , մեղադրել ՀՀԿ- ականնների աչքի լույսը լինելու մեջ, կամ թե արագ Իմ Քայլը-ի կողմը անցնելու մեջ, անիմաստ է։ Բժիշկը իր երդմանը տեր է ու կատարել ու կատարում է իր գործը պատվով։
Հարգելի Թամարա, որեւէ մեկը բժշկի վրա ցեխ շպրտելու նպատակ, ցանկություն եւ միտում չունի:Հարցեր կային, որոնց վերաբերյալ մեկնաբանություն ենք ստացել, բժիշկն էլ բարեհամբույր պատասխանել է: Ավելին՝ ինքն էլ է ասել, որ մեր՝ իրեն ուղղած հարցերն անընդհատ քննարկվում են: Ցեխ շպրտելն այն կլիներ, եթե ինչ-որ բան առանց ճշտելու գրեինք, ինչը չենք արել, քանի որ դա հակասում է մեր վարքականոնին:
Հարգանքով՝ Գոհար Հակոբյան
Փողերի լվացման ամենահուսալի տեղը և միջոցը բարեգործական հիմնադրամն է։