Լրահոս
Օրվա լրահոսը

 Օրենսդրական փոփոխություններ. ծնողական իրավունքից կարող են զրկվել, եթե՝ վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա

Դեկտեմբեր 21,2018 15:23

Այսօր արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 2018-ին ընդունված փոփոխություններն ու լրացումները, վստահեցրեց՝ սահմանվել է երեխայի լավագույն շահ հասկացությունը: Ըստ Քրմոյանի, եթե որեւէ նորմ կարող է տարաբնույթ կիրառվել, ապա այն կիրառելիս առաջնահերթ հաշվի են առնվում երեխայի լավագույն շահերը:

Նախարարը ներկայացրեց այն փոփոխություններն ու լրացումները, որոնք վերաբերում են երեխայի լավագույն շահին: Օրինակ՝ Ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1.1 կետի համաձայն՝ «Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի, կամ սոցիալական աշխատողի»:

Բացի այս, ընդունված փոփոխությունների համաձայն, սահմանվել է. «Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը»։

Օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ «Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքից, եթե նրանք՝ մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց, չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններից: Մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից, չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա: Ծնողական իրավունքից կարող են զրկվել նաեւ հետեւյալ դեպքերում՝ տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ, դաժանաբար են վարվում երեխայի հետ:

Օրենսգրքի փոփոխություններից է նաեւ՝ «Երեխա որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական եւ իրավական աջակցություն տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը իրականացնում է անվճար նախապատրաստական դասընթացներ։ Բացի այս, որդեգրման գործընթացում սահմանվել է՝ Որդեգրողի եւ որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս եւ 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:

Քրմոյանի փոխանցմամբ՝ երեխաների տեսակցության կազմակերպման առնչությամբ 383 վարույթ են ունեցել. «Մեկ ծնողը մյուսի համար խոչընդոտել է երեխայի հետ տեսակցությունն, ինչն անթույլատրելի է՝ երեխայի շահերից ելնելով: Եվ 9 վարույթ ենք ունեցել երեխային մի ծնողից մյուսին փոխանցման դեպքերով: Անչափահասների արդարադատության խորհրդի եւ միջազգային դաշինքների համագործակցության շրջանակներում փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի երեխայի նկատմամբ բռնությունը չհանդիսանա դաստիարակչության միջոց կամ այլ եղանակով բռնություն չիրականցվի՝ բռնությունը ընտանիքում կամ այլ համակարգերում»:

Քրմոյանը վստահեցրեց՝ «Այսօր չունենք պատիժ կրող երեխա: Կա մեկ կալանավորված անչափահաս Աբովյան քրեակատարողական հիմնարկում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսին ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանն էլ տեղեկացրեց ՝ մինչ օրս ունենք 29 խնամատար ընտանիք եւ ընդամենը 39 երեխա, որոնք գտնվում են խնամատար ընտանիքներում:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ այդքան քիչ խնամատար ընտանիքներ կան, մինչդեռ ծրագիրը վաղուց է ներդրված, գուցե ընտանիքներին մեկ երեխայի համար տրամադրվող գումա՞րն է քիչ, Մանուկյանը պատասխանեց՝ պատճառը հիմնականում հանրային ընկալումն է. «Ամսական մոտ 140 հազար դրամ է տրամադրվում ընտանիքում: Առ այսօր որդեգրումն է լայն տարածում ունեցել, եւ ընկալումն այնպիսին է եղել, որ իրենք միանգամից ձեռք են բերում հարազատ ծնողներ, իսկ խնամատարության դեպքում դառնում են երեխաների օրինական ներկայացուցիչներ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31