Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա արդյունքներին։
Փայլանը, դիմելով Թուրքիայի մեջլիսի նախագահին, ելույթում մասնավորապես նշել է.
«Հարգարժան նախագահ, անցյալ շաբաթ մեր հարևան Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Ապրիլ ամսին Թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը և իր ընկերներն այս ընտրություններում քվեների 70%-ը ստանալով մեծ հաջողություն գրանցեցին։ Այս առիթով Թուրքիայի մեջլիսից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանին և իր ընկերներին։ Ընտրություններից անմիջապես հետո հարգարժան պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել և հուսով են, որ Թուրքիան էլ է պատրաստ։
Այստեղից ուզում եմ կոչ անել մեջլիսին և Թուրքիայի Հանրապետության նախագահին, որ այս հայտարարությանը կառուցողական պատասխան տան։ Հավատում եմ, որ հարևան Հայաստանի հետ, որի հետ սահմանը փակ է 25 տարի, չկա մեկ հարց, որը հնարավոր չէ լուծել խաղաղասիրական քաղաքականությամբ»։
Գարո Փայլանը խոսքն ավարտել է հայերեն «Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներուն» նախադասությամբ։
https://www.facebook.com/gpaylan/videos/2124744717571999/
Աղբյուր` Ermenihaber.am