Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի 95 տոկոսով ընտրված լինելը արդյունավետ աշխատանքի երաշխիք չէ. քննարկում տնտեսական հեղափոխության շուրջ

Դեկտեմբեր 21,2018 14:27

«Դժգույն տասնամյակից հետո ՀՀ-ում բոլոր առումներով պուլս առաջացավ: 2018-ը արթնացում էր, իսկ արձանագրված տնտեսական ցուցանիշները`սպասվածի շրջանակում էին»,- այսօր «Հոդված 3» ակումբում կայացած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցվել 5.7 %-ով: 2017 թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.6 %: Ըստ նույն տվյալների` նոյեմբերին տնտեսական ակտիվության աճն ապահովել են, հիմնականում, ծառայությունների ոլորտն ու առևտրաշրջանառությունը։ Ծառայությունների ծավալը, 2017 թվականի նոյեմբերի համեմատ, աճել է 17.5 %-ով, իսկ առևտրաշրջանառությունը՝ 5.3 %-ով։ Որոշակի աճ է գրանցվել նաև արդյունաբերության ոլորտում՝ 1.1 %, շինարարության աճը զրոյին մոտ է` 0.2 %: Միևնույն ժամանակ անկումը շարունակվում է գյուղատնտեսության ոլորտում՝ 8.3%:

Բագրատ Ասատրյանը 5,5-6 տոկոս աճն այս տարվա համար լավագույն թիվն է համարում, քանի որ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում. «Կես տարվա մեջ սպասել, որ կոռուպցիան, մենաշնորհները, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը միանգամից կքանդվեն`ճիշտ չէր, դրանք դեռ քանդվում են»: Բայց ասում է, որ նոր կառավարությունը պետք է ուշադիր լինի առաջիկայում`կորուստները եւ բացթողումները վերացնելու, ձեռքբերումները`զարգացնելու հարցերում: Բացասական գործոններից ընդգծում է արտաքին առեւտրի տեմպերի նվազումը: Այս տարվա արդյունքներով ներմուծման աճի տեմպը կրկնապատիկ գերազանցել է արտահանման տեմպին: Նաեւ, ըստ բանախոսի, գյուղատնտեսությունը պետք է մեզ մտահոգի, քանի որ այն Հայաստանի համար ռազմավարական ոլորտ է: Դրական տեմպերից էլ առանձնացնում է հենց կառուցվածքային տեղաշարժը`արդյունաբերական աճի տեմպի կրճատումը` հանքարդյունաբերության կրճատման հաշվին:

Փոխարենը, ասում է, մշակող արդյունաբերությունն է զարգացել, հագուստի արդյունաբերության զարգացմանը պետք է ուշադրություն դարձնենք: «Համենայնդեպս, մոտենում ենք նոր սահմանագծի՝ կառավարության ձեւավորում, ծրագրի մշակում. նորացված իշխանությունը չկարողացած երկրի զարգացման ծրագրային մոտեցումները գտնել»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի տնտեսական զարգացման եռամյա ծրագիրը, նույնպես դժգույն փաստաթուղթ է, իսկ 2019-ի բյուջեն համարում է նախկինի ու նորի խառնաշփոթ տարբերակ, որտեղ դրված չեն գալիք տարի լուծելիք խնդիրները:

Առաջնայինը Բագրատ Ասատրյանը համարում է, նոր կառավարության ծրագիրը, մասնավորաբար, կառուցվածքային փոփոխությունների մասը: Այլապես, նրա կարծիքով, նախկին համակարգը վերականգնվելու է. «Հասարակությունը սպասում է պետության`կառավարության կերպարանափոխության. եթե սա դառնա պահանջ, մեր գործերն առաջ են գնալու: Երկար ընդմիջումից հետո նորից ունենք ընտրված պառլամենտ: Ես պոզիտիվ սպասումներով տեղափոխվում եմ 2019 թվական»:

Նախկին նախարար եւ նախկին պատգամավոր՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել եւ միանգամից մեծ փոփոխություններ ակնկալելը ճիշտ ու ազնիվ էլ չէր լինի: Այլ հարց, այս ընթացքում հիմքերն ու ուղղությունները մշակվեցի՞ն, որոնք կբերեն էական փոփոխությունների: Այստեղ, իր համոզմամբ, կան հարցեր, որոնք մանրակրկիտ պետք է քննարկենք: «Որքան էլ այս ցուցանիշները դրական լինեն`դրանք ֆորմալ բնույթ են կրում եւ դրանցով առաջնորդվելը ճիշտ չէ: Մենք ունենք տնտեսության կառուցվածքային վերանայումների հետ կառուցվածքային խնդիրներ»,- ասաց նա` անդրադառնալով ԱՎԾ-ի տվյալներին: Նրան մտահոգում է, որ արտահանումների մեջ, ՀՆԱ-ի հարաբերակցությամբ, բարձր տեխնոլոգիաների արտահանումը չի գերազանցում 3 տոկոսը, մինչդեռ ժամանակակից զարգացող երկրներում այդ թիվը 30 տոկոսից պակաս չէ: Տեխնոլոգիաներ, մասնագիտացում, ֆինանսական ռեսուրսներ. ասում է`այս ուղղություններով է, որ պետք է կառավարությունը հստակ քաղաքականություններ մշակի: «Երեք ուղղություններով էլ Հայաստանում կաղում ենք. կրթություն-աշխատաշուկա կապը զրոյական է, տեխնոլոգիական ձեռքբերումները փոքր են, մասշտաբայնություն չունեն, ներդրումային մեծ հոսքերի մասին էլ դեռ չենք կարող խոսել, չնայած ժողովրդական շարժմանը հաջորդեցին ցանկացողների հեռախոսազանգերը, վարչապետի հայտարարությունները` կոռուպցիայի վերացման եւ ազատ մրցակցության մասին: Բայց քանի դեռ դրանք ինստիտուցիոնալացում չեն ստացել, միամտություն է կարծել, որ մեծ ներդրումներ կլինեն»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ներդրումային, հարկային օրենսդրություններն էական վերանայումների կարիք ունեն, բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ներդրում է պետք մինչ դատական համակարգի կարգի գալը: Նա կարեւորում է նաեւ սուվերեն ներդրումային ֆոնդի առկայությունը մեր երկրում: Հավելում է, որ նախկինում նախագծերի մեծ մասը մշակվել է, պարզապես անցումային փուլը հնարավորություն չտվեց կառավարություն-ԱԺ արդյունավետ աշխատանքի կայացմանը: Հույս ունի, որ առաջիկայում դա կստացվի:

Արծվիկ Մինասյանը նկատում է`նախկինում փոքր ու միջին բիզնեսի համար հաջողվել է ներառականություն ապահովել`օրենսդրության մասով: Բայց դրանք իրական գործիքների պետք է վերածել: Ուժեղ բանկային համակարգն էլ, կարծում է, պետք է վերանայվի: Նաեւ`տնտեսական առաջընթաց`առանց շրջակա միջավայրի պահպանության, ասում է`անհնար է. «Այժմ մի ծայրահեղությունից մյուսում ենք հայտնվել`նախկինում անխնա շահագործում էինք հանքերը, այժմ ասում ենք`ոչնչի ձեռք չտալ: Արագ պետք է անենք վերջնական եզրահանգումը: Ձգելը վնաս է թե բնապահպանական, թե տնտեսական տեսակետից: Մեր խնդիրը պետք է լինի այս շահերի համատեղում, ոչ թե հակադրումը եւ Ամուլսարը այս առումով շատ լավ օրինակ է: Շատ է ուշանում, այս ուշանալը լավ բան չի: Ամեն օրը բերում է իր բացասական վերաբերմունքը երկրի ներդրումային վիճակի վերաբերյալ»:

Բանախոսների տարաձայնությունը պարտադիր կուտակային համակարգի ներդրումն է. Բագրատ Ասատրյանը դա համարում է լավ գաղափար, Արծվիկ Մինասյանը հակառակ կարծիքի է:

Մի տարաձայնություն էլ քաղաքական հարթությունում կա`Բագրատ Ասատրյանը կարծում է, որ նոր խորհրդարանն 95 տոկոսով ընտրված է, ուստի արդյունավետ կաշխատի, Արծվիկ Մինասյանն`ընտրվելը չի համարում արդյունավետ աշխատանքի գրավական:

ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ գտնում է, որ, այդ թվում նաեւ, կենսաթոշակային բարեփոխումների մասով ինստիտուտներ են կառուցվել. մարտահրավերն այդ ինստիտուտների արդյունավետությունը բարձրացնելն է: Խոսքը երկրորդ սերնդի բարեփոխումների արդյունավետ իրականացնելու մասին է: Առհասարակ, ասում է, երբ խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, դա ներառում է այն ամենը, ինչ շոշափեցին բանախոսները:  Բնապահպանական մասով Արծվիկ Մինասյանի մոտեցումները կիսում է: Հայաստանի առջեւ ծառացած առաջին մարտահրավերն էլ համարում է հատվածային լուծումներից ռազմավարական լուծումների գնալը: Այժմ գործող փաստաթուղթը մինչեւ 2025 թվականի ռազմավարական զարգացման հայեցակարգը` նկատում է` ընդունումից մեկ տարի անց հակասությունների մեջ էր մտնում իրականության հետ: Կարեւորում է նաեւ հնգամյա ծրագրերի մշակումը: Ներդրողներ եւ թեթեւ արդյունաբերության զարգացման ծրագրեր էլ` հավաստիացնում է ` կան, գերխնդիրն այն է, թե գալիք տարին որքանո՞վ արդյունավետ կլինի դրանց կիրառման համար, մանավանդ, որ հասարակության սպասելիքները շատ են եւ մեծ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31