Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդները մեզ հայտնեցին, որ այսօր՝ առավոտից մինչ այժմ Բագրատաշենի մաքսակետից մինչեւ Պտղավան մի քանի կիլոմետր հատվածում ավտոմեքենաների, հիմնականում՝ մեծ բեռնատարների մեծ խցանում է: Պտղավանի բնակիչները մեզ հայտնեցին, որ նման խցանում եղել է նաեւ երեկ՝ դեկտեմբերի 20-ին: Վարորդներից տեղեկացանք, որ պատճառն այն է, որ Վրաստանի տարածքում՝ Գուդաուրի գյուղում դահուկադաշտ են կառուցում: Պատճառաբանվում է, որ «ֆուռերը» խանգարում են դրան, բեռնատարների շարժը դադարեցվել է, այդ պատճառով Հայաստանի տարածքում խոշոր բեռնատարների կուտակում է:
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ վերջին օրերին հանրության շրջանում տարածված այն տեղեկատվությունը, որ անորոշ ժամկետով փակվելու է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը՝ դահուկադաշտի կառուցման նպատակով, չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Վերին Լարսի անցակետի վրացական ու ռուսական հատվածների ղեկավարությունների հետ, որոնք միանշանակ կերպով ժխտում են վերոնշյալ տեղեկատվությունը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ