Կառավարության դիմաց այսօր բողոքի ցույց են անում նաեւ Սփյուռքի նախարարության աշխատակիցները: Հիշեցնենք, որ ըստ Կառավարության նախաձեռնած օրենքի նախագծի՝ այդ նախարարությունը պետք է լուծարվի: Գործադուլ հայտարարած աշխատակիցներից Սիրվարդ Համբարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «2008թ. այս նախարարությունը ստեղծվեց Սփյուռքի պահանջով եւ տասը տարում իրականացնում է ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացման ռազմավարությունը: Այդ տարիները ցույց են տվել, որ «օդից ստեղծված» նախարարությունն օր ու գիշեր աշխատել է: Նոր կառավարության երիտասարդ անդամները տեղյա՞կ են՝ ինչ գործ է կատարվել այս ընթացքում: Սփյուռքի խոշոր կառույցների եւ գործիչների կարծիքն ինչո՞ւ չեն հարցրել»:
Սիրվարդ Համբարյանը վրդովված ասաց, որ ութ միլիոնանոց հայկական Սփյուռքի համակարգող կառույց չունենալն անթույլատրելի է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «երեկ խոսե՞լ եք նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի հետ, ինքն ի՞նչ է կարծում այդ նախագծի մասին»: Տիկին Համբարյանը պատասխանեց. «Նա խոսել է մեր հետ եւ շատ ափսոսում է, ցավ է ապրում այս ամենի համար, որովհետեւ աշխատելով ու տեսնելով, թե ինչ գործ է կատարվում…նա եղավ Սփյուռքում եւ հասկացավ այս նախարարության գործունեությունը: Նախարարն ասաց, որ ինքը պարզապես չկարողացավ պահել…»:
Սիրվարդ Համբարյանը մեկ այլ տեսանկյունից էլ մոտեցավ խնդրին. «Ինչպե՞ս կարելի էր Նոր տարվա նախաշեմին 90 անձի թողնել առանց աշխատանքի եւ Նոր տարին «շնորհավորել» Սփյուռքի նախարարության լուծարման նախագծով: Մեզ կերակրեցին խոստումներով, թե կդառնանք, ասենք, կոմիտե»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ