Լրահոս
Օրվա լրահոսը

«1991-ից որեւէ մեկը չի գնացել զիջումների, չեմ էլ պատկերացնում, որ այժմ կգնան». Թեւան Պողոսյան

Դեկտեմբեր 21,2018 12:55

«Նոր բան չկա, հինն էլ այն է, որ մեր պատերազմը չի ավարտվել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով Արցախի հարցի շուրջ զարգացումների մասին, ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Միլանում կայացած հանդիպման ժամանակ հայ գործընկերոջ հետ «փոխըմբռնման» են եկել: ՀՀ ԱԳՆ-ն «փոխըմբռնումը» բացատրեց`բանակցությունները շարունակելու համաձայնությամբ, ավելի ուշ, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց` ԼՂ հարցում նոր բան չկա:

Թեւան Պողոսյանն ասում է`հիմա քարոզչական պատերազմի փուլում է: Հիշեցնում է, մի ամսի առաջ էլ «Ինտերֆաքսը» գրել էր, որ հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական գյուղերի վրա: «Սրանից պետք է հասկանալ, որ կա այդ գործիքը, որն իրենք (Ադրբեջանը-Ն. Գ.) օգտագործում են».- ասաց բանախոսը:

Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմի`առաջնագծում այժմյան լռությանը, նա համարում է դա միգուցե հետեւանք է, որ մինչ այժմ հակահարված են ստացել եւ չեն ունեցել իրենց ցանկալի արդյունքը: Այս շրջանն ինքը համարում է նախապատրաստման փուլ. խոսում ենք, թե որքան գումար է անհրաժեշտ ռազմական բյուջեի համալրման համար, ռազմարդյունաբերությունը զարգացնելու մասին ենք խոսում. «Եթե լավ ենք նախապատրաստվում`բրավո մեզ, որովհետեւ հաջորդ սցենարները պարզ է, որ լավը չեն լինելու»:

Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ չի կարծում, որ 2019-ին հարց է լուծվելու, քանի որ կողմերի պատկերացումներն ու մոտեցումները շարունակում են տարբեր մնալ: Ասում է, եթե անգամ շրջանների մասին ինչ-որ բան էլ պայմանավորվենք, Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար էլ է հստակ`անկախ պետություն, Ադրբեջանի համար էլ`իրենց ենթակայությամբ. «Այս պահին գործընթացում լուծում տեսնելն անհնար է»: Բայց, որ Ադրբեջանի արկածախնդրությունը միշտ կարող է կրկնվել, ինքը մեկ վայրկյան անգամ չի կասկածում: «Ադրբեջանից հնչող որեւէ գնահատական խնդրի կարգավորմանը չի կարող վերաբերվել: Բանակցային գործընթացում որեւէ լուրջ, շոշափելի փոփոխություն տեղի չի ունենա»,- ասաց նա:

Թեւան Պողոսյանն էլ նույն կարծիքին է. «1991-ից որեւէ մեկը չի գնացել զիջումների, չեմ էլ պատկերացնում, որ այժմ կգնան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «1991-ից որեւէ մեկը չի գնացել զիջումների»

    իսկ նախկին վարչակարգի վախտը ինչո՞ւ ձեր նմանները չէին արտայայտէր այսպիսի հաստատումներ… լուռ կը մնային, երբ որ հակառակ «փաստացի համոզումները» կը գոռային ամբոխները իրար անցած եւ անոնց պարագլուխները – որոնք հիմա նոր իշխանութիւնն են… –

    ոնց որ ԱԱԾ-մամածըն եւայլն., ինքնաբերաբար, յարմարվում են նոր Տիրոջ կամքին եւ ցանկութիւններուն, այլզան «փորձաագէտներն» ու «իրաւապաշտպաններն» ալ, բնականաբար, հետեւում են իրենց դրամաշնորհները հայթայթողների տրամադրութիւններուն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31