Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Գազի գնի փոփոխություն տեղի է ունենալու»

Դեկտեմբեր 21,2018 12:21

«Գազի գնի փոփոխություն տեղի է ունենալու»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց միջազգայնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` պատասխանելով հարցին` գազի գնի 30 տոկոսով թանկացման երեկվա տեղեկատվական արտահոսքերը պատահակա՞ն էին: Սուրեն Սարգսյանը հիշեցնում է`գազի գնի թանկացման նախկին պրակտիկան. նախկինում դա սովորաբար լինում էր ձմռան սեզոնից հետո: ՀՀ ղեկավարները մեկնում էին ՌԴ, բանակցում էին եւ ինչ-ինչ պատրվակներով, ժամկետները վերանայվում էին:

Վարչապետը մի քանի օրից կմեկնի ՌԴ, ՌԴ նախագահի հետ կխոսի, կխնդրի ժամկետները վերանայել, այս առումով, սցենարը կրկնվում է: Քաղաքագետի մատուցմամբ, գազային գեոքաղաքականությունը ՌԴ-ի համար լուրջ գործիք է, ուստի ինքը առաջարկում է գազի գնի փոփոխությունը չդիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, այլ ավելի լայն: Բայց հարցում հստակություն կմտնի մի քանի օրից:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանն էլ հավելում է`միջազգային հարաբերությունները շահերի դաշտում են, այդտեղ ոչ ոք չի նայում սիրուն ես, լավն ես, ճիշտ կամ սխալ ես. շահեր կա՞ն`կաշխատեն, չկա՞ն`չեն աշխատի: Ըստ նրա, այս հարթությունից պետք է հետաքրքիր առաջարկներ անենք: Իր գնահատականներով, մեր երկրին, հատկապես այսօր, բացակայում է տարբեր ուղղություններով սցենարների ծրագրավորումը եւ երբ այս խնդիրը կլուծենք, առավել հեշտ կլինի քայլեր անելը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, բանախոսներն ասացին`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անկեղծ էր, երբ հայտարարում էր, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փլուզվել: Թեւան Պողոսյանը հեգնում է` հարց տվող լրագրողուհին հավանաբար հայկական մամուլն է կարդացել, որտեղ օր չկա, որ խոսք չլինի այն մասին, թե ինչո՞ւ Պուտինը կամ ՀԱՊԿ անդամները չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին: Ինքն ավելի կարեւորում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, երեկ արած հայտարարությունը, որ երբ ՀՀ ենք ասում, հասկանում ենք պետությունը, ոչ թե անձերը:

Թեւան Պողոսյանի կարծիքով, այս տրանսֆորմացիան պետք է առաջ տանել` ի շահ ՀՀ-ի, այլ հարց, որ այդ աշխատանքներում բոլորը պետք է ընդգրկված լինեն, այդ թվում նաեւ Հայաստանում պետք է ուսումնասիրենք ՌԴ-ն, նրա ինստիտուտները, որ հասկանանք ո՞ւմ հետ գործ ունենք եւ ինչպե՞ս: Նախկինում, նկատում է, աշխատանքը տարվել է անհատների միջոցով, անհատական կապերով, ոչ ինստիտուտների միջեւ: Հիմա, դա պետք է կարգի բերվի: Նա գտնում է, որ այսօրվա տեղեկատվական պատերազմի դարում, Ադրբեջանը ռուսական մամուլի հետ ավելի «ջերմ» աշխատանք է տանում, քան մենք: Ասում է`մենք պետք է այդ բացթողումները կարողանանք լրացնել: Մենք պետք է ճիշտ ձեւով կարողանանք բացատրել մեր փոփոխությունները, որ շահերի բախման հարթությունում խնդիրներ չառաջանան: «Ես չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանն ասում է`ՌԴ-ի հետ խնդիր չունենք, բայց դա իր հարթությունում, իր կապերով, ճյուղային մակարդակներում էլ պետք է գնան, նստեն, աշխատեն եւ խնդիրներ չլինեն»,- ասաց նա` հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները հարաբերությունների մշակութային հարթությունում է տեսնում առավելապես:

Քենեդու հայտնի խոսքը`«Բանակցություններով կարելի է հասնել ամեն ինչի», Թեւան Պողոսյանը մեզ համար եւ մեր հարաբերությունների հարթությունում, այսպես է տրանսֆորմացնում. «Աստված չանի, որ երբեւէ վախենանք բանակցություններից եւ Աստված չանի, որ բանակցենք վախից»:

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն օրերս հայտարարեց` ԱՄՆ-ն Երեւանի վրա շանտաժ եւ ճնշում է գործադրում ու հույս հայտնեց, որ Երեւանը տղամարդկություն կունենա դրան դիմակայելու: Հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցներից մեկից տեղեկացանք, որ Երեւանն ու Մոսկվան`Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունն ապահովելու մասին փաստաթուղթ են նախապատրաստում, ինչի մասին Հայաստանում տեղյակ չէին:

Սուրեն Սարգսյանը սա ևս մեկ ապացույց է համարում, որ Հայաստան-ՌԴ ամենաբարձր մակարդակում շփումները, հանդիպումները, աշխատանքը ստացվում են, մի փոքր ավելի ներքեւ խնդիրներ կան: Իսկ Վաշինգտոնի `Հայաստանում «անսքող միջամտության» մասին էլ ասում է` ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում շատ պասիվ է, հատկապես Թրամփի վարչակարգի օրոք, հետաքրքրությունների առումով էլ Հայաստանն ամենավերջին պետությունն է ԱՄՆ-ի համար. «Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը ՀՀ-ում ակտիվ գործողություններ է անում, ինչը կարող է նյարդայնացնել ՌԴ-ին»:

Գրիգորի Կարասինի ասածից Թեւան Պողոսյանը տպավորություն է ստացել, որ իրենք տարբեր տեղերից տեղեկություններ են ստացել, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ուստի, կրկնում է` պետք է բացատրել`«տղերք, ամեն ինչ նորմալ է»: Ասում է`նախկինում հեռախոսը վերցրել-զանգել`ասել են, նորմալ է, հիմա դա չի լինում, ուստի, հաճախակի հանդիպումներից պետք չի վախենալ, պետք է հանդիպել-խոսել-բացատրել: Երբ այս աշխատանքը նորմալ կատարվի, ինքը վստահ է` շատ մտավախություններ կփարատվեն:

Բանախոսներն, ի դեպ, համոզված են, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը այս շրջափուլում մեզ համար կորսված է, մանավանդ, որ Բելառուսի ԱԽՔ քարտուղարը պտտվում է ՀԱՊԿ անդամ պետություններով եւ նրան ընդունում են: Ամեն ինչ կախված է նրանից`Ստանիսլավ Զասի թեկնածության դեմ ՀՀ-ն իր վետոյի իրավունքը կկիրառի՞, թե`ոչ: Հակառակ պարագայում, հարցի լուծումը կձգձգվի, կշարունակի պաշտոնավարել ՌԴ ներկայացուցիչը, մինչեւ ՀՀ-ի պաշտոնավարման ժամկետի լրանալը: Իսկ հետո քարտուղարությունը կանցնի Բելառուսին: «Մենք կորցրել ենք մեր պետության ներկայացուցչի որոշակի ազդեցությունն այդ ոլորտում`անկախ այդ կառույցի ինչպիսին լինելուց»,- ասում է Սուրեն Սարգսյանը: Թեւան Պողոսյանն էլ հավելում է`սա պարտության դաշտում չպետք է դիտարկել, այլ նոր հնարավորությունների արդյունավետ իրացման:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31