Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյան. «Մենք չենք մտածում, որ ավելացնենք իրենց շատ տեղ տալու համար». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 21,2018 12:15

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի հետ։

– «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ եթե իրենց 2-3 հանձնաժողով պիտի տրվի որպես ընդդիմություն, իշխանությունը պետք է իր բաժնից որոշակի զիջի։ Այս մասով քննարկումներ կա՞ն, եթե հաշվի առնենք, որ երկրորդ ուժը ԱԺ-ում ԲՀԿ-ն է։

– Ես գրեթե կասկած չունեմ, որ ԲՀԿ-ն կներկայացնի իր թեկնածուին, եւ ես հիմա չեմ կարող ինչ-որ կոնկրետ որոշման մասին խոսել։ Դա տալով չէ։ Կա Դոնթի բանաձեւ, որով որոշվում է համամասնությունը՝ ըստ խմբակցությունների պատգամավորների թվի։ Եթե մենք շատացնենք հանձնաժողովների թիվը, ապա ընդդիմադիրները ավելի շատ տեղեր կստանան, բայց, բնականաբար, մենք չենք կողմնորոշվում այդ տրամաբանությամբ։ Այսինքն՝ մենք չենք մտածում, որ ավելացնենք իրենց շատ տեղ տալու համար կամ պակասեցնենք, որ շատ տեղեր չտանք։ Մենք հարցերը քննարկում ենք ավելի շատ արդյունավետության նպատակահարմարությունից դրդված։

– ԼՀԿ-ն ներկայացնելու է խորհրդարանի իր փոխխոսնակի թեկնածուին՝ Մանե Թանդիլյանին։ Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն՝ որպես ընդդիմադիր, օգտվելու է սահմանադրությամբ իրեն ընձեռնված հնարավորությունից խորհրդարանում փոխխոսնակ ունենալու։ «Իմ քայլը» դաշինքը արդեն որոշե՞լ է՝ ում է սատարելու։

– Ոչ։ Այդ որոշումը մենք չունենք։ Մենք չենք քննարկել այդ հարցը։ Ես վստահ եմ, որ ԲՀԿ-ն կներկայացնի թեկնածու, եւ առաջիկայում կքննարկենք այդ հարցը, բայց իմ անձնական կարծիքով՝ տրամաբանությունն այն է, որ պիտի հնարավորություն տրվի այն խմբակցությանը, որն ավելի մեծ մասնաբաժին ունի որպես ընդդիմություն։

– Ո՞ւմ եք ավելի շատ որպես ընդդիմություն տեսնում՝ հաշվի առնելով, որ ԼՀԿ- ն նախկինում ձեր գործընկերն է եղել։

– Ես կարծում եմ՝ նախկինում մեզ հետ մի դաշինքի մեջ լինելը չի կաշկանդելու «Լուսավոր Հայաստանին» լինել ընդդիմություն եւ բարձրաձայնել այն հարցերը, որոնց վերաբերյալ մտահոգություն կունենան այդ խմբակցության անդամները։ Ես չեմ ուզում մտածել՝ ով է ավելի ընդդիմադիր լինելու։ Ընդդիմադիրության չափանիշները որոշված չեն որեւէ մեկի կողմից։ Ճիշտն ասած՝ այս մասին ինձ այս հարցը նույնիսկ չի էլ մտահոգում։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31