Կառավարությունը երեկվա նիստում արտոնություն տրամադրեց «Սպայկա» ընկերությանը՝ ազատելով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից։
«Սպայկան» տարիներ շարունակ կապվել է իշխանությունների հետ, սկզբում՝ Ռոբերտ Քոչարյանի որդու, ապա՝ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ։ Վերջինս, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, զրկվել է իր բաժնեմասից, անգամ շեշտում են՝ «խլել են»։ «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախ պաշտոնապես հայտարարում եմ, որ Միքայել Մինասյանը մեր հետ կապ չի ունեցել եւ չունի էլ»։
– Նա բաժնեմաս չունե՞ր, որը վաճառել է մեկ այլ փայատիրոջ։ Նման գործարք տեղի ունեցե՞լ է։
– Ես նույնիսկ չեմ հասկանում՝ ինչ լուրերի հիման վրա եք Դուք նման բան ասում, նման մարդ ընկերության հետ կապ չունի ու չի էլ ունեցել։ Ես Ձեզ հավաստիացնում եմ՝ որեւէ կապ որեւէ պաշտոնյայի հետ «Սպայկա» ընկերությունը չունի՝ ո՛չ ներկա, ո՛չ նախկին։
– Ո՞վ է այդ դեպքում ընկերության սեփականատերը։
– «Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է Դավիթ Ղազարյանի կողմից, նա էլ սեփականատերն է։
– Այսինքն՝ այս մեկ-երկու տարվա ընթացքում բաժնեմասերի փոփոխություն, առքուվաճառք, բաժնեմասը խլելու գործընթաց տեղի չի՞ ունեցել «Սպայկայում»։
– Բաժնեմասերի փոփոխություն տեղի է ունեցել, բայց դա տեղի է ունեցել մեր ներքին կառավարման համակարգի հետ կապված, ներքին մենեջմենթի հետ փոխկապակցված մարդկանց միջեւ է դա տեղի ունեցել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում