Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ատելությունը մեզ կոչնչացնի

Դեկտեմբեր 21,2018 09:47
love

Հետհեղափոխական Հայաստանում նախկին իշխանական վերնախավի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման բացահայտումների շղթան շարունակում է սթրեսի մեջ պահել ողջ հայությանը:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում ասվում է. Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները: Միայն այս հոդվածով պետական հանցագործության մեջ պետք է մեղադրել նախկին իշխանության այն պարագլուխներին, ովքեր իրենց նյութապաշտության տենչանքին հագուրդ տալու համար, ոտնահարելով մարդու իրավունքները, ապազգային ու անմարդկային քայլերով, ստորացման հասցնող զանգվածային թալանով, ատելություն տարածեցին հանրության շրջանում՝ նրան ենթարկելով հոգեբանական խոշտանգման:

Դա իշխանություն չէր, այլ անամոթության ինստիտուտ, ուր քարոզվել է ցինիզմի հասնող ատելություն՝ անմեկնելի վերաբերմունք հայության նկատմամբ: Ինչո՞ւ արցախցին չի սիրում երևանցուն, երևանցին էլ արցախցուն: Հազարավոր կյանքերի ու արյան գնով անցնել պատերազմի զրկանքի ու տառապանքի բովով ու չհարգե՞լ, չսիրե՞լ միմյանց, արժանանալ փոխադարձ ատելությա՞ն: Ինչո՞ւ, ինչի՞ համար:

Օրեր առաջ Արցախում էի. զարմանք, ցավ ու հպարտություն մեկտեղվել էին քաջաց աշխարհի հպարտ հայացքի ներքո: Տեսածս ու զգացածս արժևորելու համար ժամանակ է հարկավոր… Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում մի քանի օր գիշերող երևանցիներիս նկատմամբ հյուրատան ճաշարանի աշխատակիցների անբարյացակամ վերաբերմունքը վերոնշյալի ապացույցն էր. առաջին երկու օրերին նրանք հրաժարվեցին խմելու ջուր տալ, անգամ երեխաներին մերժեցին… Կոպտորեն հեգնում էին՝ «Ջուր չունենք»: Դա բացահայտ սուտ էր. հյուրանոցի բոլոր համարների սանհանգույցներում ջուր կար, իսկ ճաշարանի խոհանոցում կեղտոտ մի ափսե անգամ չկար… Ինչևէ, բարձրացրած դժգոհության արդյունքում ջուր էլ տվեցին, թեյ էլ, բայց դա այլևս էական չէր:

Մեծ ցավ եմ ապրում. իրողությունը շատ ծանր էր ու վիրավորական. դժվար էր լռելը. արցախցին երևանցուն խմելու ջուր չի տալիս: Ինչո՞ւ, ինչի՞ համար… Ո՞վ է սրա պատասխանը տալու: Մի՞թե ժողովրդի մեջ ատելության մթնոլորտ ստեղծելը պետական հանցագործություն չէ:

Հայաստանի նոր կառավարության կողմից երկրի զարգացման ռազմավարական կետերից մեկը պետք է լինի համազգային հարատև համախմբման ծրագիր մշակելը, որը միտված կլինի նախևառաջ հայի միջից արմատախիլ անել «ցի» վերջածանցը, որպեսզի խտրականություն չդնենք երևանցու ու արցախցու միջև:

Բավ է հարվածել այն սեպի գլխին, որը խորացնում է անդունդը մեր ժողովրդի միջև: Թշնամի՞ն պիտի հարձակվի, որ բռունցք դառնանք: Ապրիլյան քառօրյա պատերազմում հայի ուժն աշխարհը տեսավ: Քավ լիցի, անցյալը երեսով չեմ տալիս, թե ինչ են արել ու անում մեր հայրերն ու եղբայրները: Արցախի անկախությունը ոչ թե դիվանագիտական աշխարհի խնդիրն է, այլև ողջ հայության արժանապատվության հարցն է, և մենք բարոյական իրավունք չունենք միմյանց վերաբերվել ատելությամբ, այլապես՝ այն մեզ կոչնչացնի:

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31