Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Կարելի է անգամ հարցականի տակ դնել մեր իրավապաշտպան համակարգի գործունեության մոտիվացիան անցյալում». «Իրատես»

Դեկտեմբեր 21,2018 09:15

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ճգնաժամի մեջ են հայտնվել այն բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում մարդու իրավունքների ոչ մի խախտում աննկատ չէին թողնում, հասարակական հնչեղություն էին տալիս ցանկացած իրավական խնդրի ու պարտադրում իշխանությանն ինչ-ինչ զիջումների գնալու։ Այսօր իրավական ոլորտում բեկում չի եղել, ավելին, նոր իշխանության իրավական քայլերը բավական խոցելի են, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները, քաղհասարակությունը լռում են։ Հասկանալի է, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների, այս օրերին քրեական գործերով անցնող մարդկանց հանդեպ զայրույթն ու անհանդուրժողականությունը շատ մեծ են, սակայն իրավական քայլերը պետք է ճիշտ ձևակերպվեն ու երկակի ստանդարտների տեղ չթողնեն։ Այս ամենում շատ կարևոր է իրավապաշտպաների ճիշտ դիրքորոշումը, մինչդեռ նրանք կարծես ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավական մթնոլորտի ու խնդիրների շուրջ զրուցում ենք Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ։

-Ինչու՞ են այսօր լուռ իրավապաշտպան կազմակերպությունները, ինչու՞ են աչք փակում իրավական ակնհայտ խնդիրների, իրադարձությունների վրա։

-Այդ մասին վաղուց եմ սկսել խոսել, դեռ սեպտեմբերից, երբ Արցախի ՄԻՊ-ն էի. սկզբում` ավելի զուսպ ձևակերպումներով, աշխատանքից հեռանալուց հետո՝ շատ ավելի բաց։ Դա ցավալի իրականություն է։ Պատճառներն ակնհայտ երևույթների մեջ են։ Շատ մարդիկ, որոնք իրավապաշտպան գործունեություն էին իրականացնում, դուրս են եկել այդ գործունեությունից և ֆորմալ իրականացնում են գործադիր իշխանության գործառույթները, ոչ ֆորմալ էլ համագործակցում են գործող իշխանության հետ։ Այս ամենն իրականում խոսում է ոչ միայն ներկայի և ապագայի, այլև վկայում անցյալի խնդիրների մասին։ Կարելի է անգամ հարցականի տակ դնել մեր իրավապաշտպան համակարգի գործունեության մոտիվացիան անցյալում։ Արդյոք այն իսկապես իրավական մշակույթի զարգացման, մարդու իրավունքների երաշխավորման, մակարդակի բարձրացման շարժառիթներո՞վ է գործունեություն ծավալել, թե՞ առավելապես ունեցել է քաղաքական նպատակներ, իսկ այդ նպատակների նվաճումից հետ կորցրել է իր նշանակությունը։ Իմ պատկերացմամբ` սա է ամենամեծ խնդիրը՝ անցյալի վերագնահատումը։ Այդուհանդերձ, անցյալում այդ համակարգը շատ արդյունավետ էր գործում, քանի որ կարողանում էր բարձրաձայնել կարևոր հարցեր, ինչի արդյունքում շատ հարցեր լուծվում էին։

-Դուք կասկածի տակ դրեցիք իրավապաշտպան կազմակերպությունների անցյալում ունեցած մոտիվացիան։ Կա տեսակետ, որ այսօր նրանք լուռ են, քանի որ շատերը դրսի դրամաշնորհներով գոյատևող կազմակերպություններ են, որոնք արդեն հասել են իրենց առջև դրված նպատակին։

-Կարծում եմ` դա որոշակի նշանակություն ունի, բայց այդ գործոնը չէի գերագնահատի։ Խնդիրն այն է, որ վերջին 20 տարում այդպես էլ չենք կարողացել իրավապաշտպան գործունեությունը մոտեցնել ազգային արժեքներին։ Նկատի ունեմ այն, որ մեր ազգային ինստիտուտները ներդրումներ չեն արել իրավապաշտպան գործունեության մեջ, չեն դարձել այդ գործունեության «բաժնետերը» և «շահառուն»։ Այնպես է ստացվել, որ այդ գործունեության հիմնական ռեսուրսների ապահովումն իրականացվել է միջազգային, օտարերկրյա աղբյուրներից։ Իհարկե, չեմ ցանկանում ոչ մի կերպ նսեմացնել այդ աղբյուրների կարևորությունը և նշանակությունը, խնդիրն օտարերկրյա կազմակերպությունները չեն, այլ մենք ենք։ Մենք այդպես էլ չկարողացանք մտնել այդ դաշտ, մեր ազգային ինստիտուտները չկարողացան աշխատել այդ կազմակերպությունների հետ։ Հիմա, կարծում եմ, շատ բարենպաստ ժամանակաշրջան է, երբ ազգային ինստիտուտները պետք է վերանայեն իրենց վերաբերմունքն իրավապաշտպան գործունեության նկատմամբ առհասարակ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31