Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ յոթ-ութ ամսվա ընթացքում կառավարությանը չհաջողվեց կայունություն մտցնել տնտեսության մեջ. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 21,2018 09:30

Նոյեմբերին Հայաստանի տնտեսության վիճակը շարունակել է վատանալ։ Վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալները վկայում են, որ գրեթե բոլոր ոլորտներում ցուցանիշները գահավիժել են։ Նախորդ ամսվա համեմատ նոյեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել է 10,3 տոկոսով։

Անկում է գրանցվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առեւտրի, ծառայությունների եւ մի շարք այլ ոլորտներում։ Արդյունաբերության արտադրանքի ծավալը հոկտեմբերի համեմատ կրճատվել է 6,8 տոկոսով։ Գյուղատնտեսությունն ուղղակի կաթվածահար վիճակում է եղել։ Հոկտեմբերի համեմատ արտադրանքի ծավալները ռեկորդային՝ 39 տոկոսանոց անկում են ապրել։

Թե ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ տեղաշարժը, հայտնի չէ։ Այդուհանդերձ այդ ամսին գյուղատնտեսության համար արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, որը կարող էր նման լուրջ ազդեցություն թողնել ոլորտի արտադրական ցուցանիշների վրա։ Այնպիսի տպավորություն է, որ նոյեմբերին կարկուտը ամեն ինչ սրբել, տարել է։

Գյուղատնտեսության նման կտրուկ անկումը հազիվ թե կարելի է պայմանավորել նաեւ սեզոնային փոփոխություններով։ Ասենք, որ անցած տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ տնտեսության այս ճյուղում արտադրության ծավալները ոչ միայն չէին նվազել, այլեւ նույնիսկ զգալիորեն՝ 4,5 տոկոսով, աճել էին։

Նոյեմբերը բարեհաջող չի եղել նաեւ ներքին առեւտրի եւ ծառայությունների համար։

Նվազել են նաեւ աշխատավարձերը։ Պաշտոնական տվյալներով, միջին աշխատավարձը նոյեմբերին 0,2 տոկոսով պակաս է եղել հոկտեմբերից։

Նման դրսեւորումների հետեւանքով, տնտեսական զարգացումները շարունակել են դանդաղել։ Վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, տարեվերջից մեկ ամիս առաջ տնտեսական ակտիվության աճը նահանջել է եւս 0,3 տոկոսով (այն 5,7 տոկոս է)։

Սա զգալիորեն ցածր է ինչպես առաջին եռամսյակի, այնպես էլ առաջին կիսամյակի ցուցանիշներից։ Հիշեցնենք, որ մինչեւ իշխանափոխություն տնտեսական ակտիվությունը Հայաստանում հասել էր 10,6 տոկոսի։ Իշխանափոխությունից հետո վիճակը գնալով վատացավ։ Չի եղել որեւէ ամիս, որ ակտիվության ցուցանիշները չնահանջեն։

Այդպես էլ յոթ-ութ ամսվա ընթացքում կառավարությանը չհաջողվեց կայունություն մտցնել տնտեսության մեջ։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31