Այսօրվանից Սեւանա լճում ձկների որսն արգելված է. ձվադրման շրջան է: Սակայն սա չի նշանակում, որ կառավարության` տվյալ ոլորտի պատասխանատուները պետք է հենց դեկտեմբերի 20-ից սկսած վերահսկողությունն ուժեղացնեն եւ որսագողերի ձեռքը բռնեն: Ըստ Ձկնաբուծության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի մասնագետների՝ նախապատրաստական աշխատանքները դեռեւս նոյեմբեր ամսից պետք էր սկսել, որպեսզի այդ ձկները կարողանային հասնել ձվադրավայրեր:
Մինչդեռ ամիսներ շարունակ փողոցներում, ամեն քայլափոխի վաճառվող Սեւանի թարմ ու ապխտած սիգը վկայում է այն մասին, որ Սեւանից անխնա որս է կատարվել: Երեկվա դրությամբ էլ Տիգրան Մեծ, Խանջյան, Խորենացի փողոցներում սիգն ազատ վաճառվում էր, եւ փողոցներում կարգ պահպանող որեւէ ոստիկանի ուշադրությունն այն չէր գրավում:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2018