Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկական խառնաշփոթ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Դեկտեմբեր 21,2018 12:00

Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ու Մադրիդյան փաստաթուղթը գոյություն ունե՞ն, թե՞ ոչ

Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման ակտիվ քննարկումների, դիրքորոշումների ներկայացման փուլ է մտել:

Եթե պաշտոնական Բաքվի դիրքորոշումները, պահվածքը միանգամայն կանխատեսելի են, պաշտոնական Երեւանից տարբեր պաշտոնյաների դիրքորոշումները երբեմն այնքան հակասական են, որ խառնաշփոթի տպավորություն ես ստանում:

Օրինակ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այս իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցությունների օրակարգում շարունակո՞ւմ են պահել, թե՞ ոչ: Մադրիդյան փաստաթղթի երեք սկզբունքներն ընդունելի՞ են նրանց համար, թե՞ ոչ… Այս հարցերի պատասխաններն իսկապես ոչ ոք չունի:

Դեկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում «Այսօր իրականում» հաղորդաշարի ընթացքում խոսում էր Ղարաբաղյան կարգավորման գործընթացից: Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հարցին՝ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո կողմերին ուղղված պահանջներից՝ շփման գիծն անվտանգ դարձնելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ մյուս պահանջներից, գործող իշխանությունը հրաժարվե՞լ է, Արմեն Գրիգորյանը նախ՝ պատասխանում է, որ զարմացած է այդ քննադատությամբ, քանի որ. «Նույն այդ հանդիպումներից՝ Վիեննայից կամ Սանկտ Պետերբուրգից հետո, երբ որ այլ հանդիպումներ են եղել, Սերժ Սարգսյանը եւ իշխանությունները չեն բարձրացրել այդ հարցերը: Այսինքն՝ մինչեւ մեզ է եղել, որ այդ հարցերն ընդհանրապես օրակարգից դուրս են եկել»:

(Նշված թեման՝ 17-րդ րոպեից)

Սկսենք նրանից, որ ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարությունների գերակշիռ մասում այդ պայմանավորվածությունները հարգելու պահանջը արձանագրվել է, եւ եթե եղել են մեկ-երկու հայտարարություններ, որոնցում դրանք չեն ներառվել, միեւնույն է՝ պաշտոնական Երեւանը մշտապես այդ պահանջների կատարումը շեշտել է, ավելին՝ ընդգծել է, որ առանց այդ պահանջները իրագործելու բանակցելն Ալիեւի հետ անիմաստ է, քանի որ եթե սահմաններում շարունակում են կրակել, ինչի՞ շուրջ նստել-բանակցել Ադրբեջանի ղեկավարության հետ:

Բացի այդ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի արձանագրումը եթե հիմք ընդունենք, պետք է համարենք, որ պաշտոնական Երեւանն ուղղակի արձանագրում է, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դուրս են մնացել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից, կողմերն այսօր դրանց չեն էլ անդրադառնում երկկողմ բանակցություններում, դուրս են մնացել օրակարգից:

Ի դեպ, հավելենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով մեր նույն հարցին՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ, պատասխանեց. «Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն կարող օրակարգից դուրս մնալ, դրանք օրակարգում են, որովհետեւ դրանք ռիսկերի նվազեցմանն ուղղված գործառույթներ են, եւ մենք դրանց պահպանման ու իրականացման վրա պնդելու ենք: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն օրակարգից երբեք դուրս չեն եկել, անկախ նրանից՝ որեւէ հայտարարության մեջ նշվել են, թե ոչ, Հայաստանի համար օրակարգից երբեք դուրս չեն եկել»:

Ապա Արմեն Գրիգորյանը հավելում է. «Եթե դրա նպատակը (նկատի ունի՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները-հեղ.) այն է, որ սահմանին հանգիստ լինի, ապա այս պահին Դուշանբեի համաձայնությամբ դա կա: Իհարկե, մենք չենք մերժում՝ Վիեննան կամ Սանկտ Պետերբուրգը շարունակում են մնալ կարեւոր: Բայց բանակցությունների այդպիսի հնարավորություններ էլ չի եղել, բոլորը գիտեն, որ բանակցություն դեռեւս չի եղել, ընդամենը եղել է մեկ-երկու կարճ հանդիպում»:

Այստեղ առհասարակ անհասկանալի է «բանակցություն լինել-չլինելու» դիտարկումը: Փաշինյանն ու Ալիեւը թեկուզ կարճատեւ, բայց մի քանի հանդիպում արդեն հասցրել են ունենալ, բացի այդ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, դատելով տեղեկատվություններից, ունենում են մի քանի ժամանոց հանդիպումներ: Սրանք ի՞նչ են, եթե ոչ՝ բանակցություններ, երկու-երեք ժամ ի՞նչ են քննարկում երկու պետությունների արտգործնախարարները:

Հաջորդը՝ ձեր իշխանությունը Մադրիդյան սկզբունքներն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ՝ Արմեն Գրիգորյանին հարցնում է հաղորդավարը: «Լուծումը պետք է ընդունելի լինի եւ Երեւանում, եւ Ստեփանակերտում, եւ Բաքվում, պետք է գտնել այնպիսի լուծում, որը հնարավորություն է տալիս հանրությանը ներգրավելու: Նախկինում կար մոտեցում՝ հնարավոր է առաջնորդների մակարդակով ինչ-որ փաստաթուղթ ստորագրել եւ բերել տալ հանրությանն ասել՝ դուք սա արեք: Բայց այդպես հնարավոր չի: Պետք է ներգրավել հանրությանը, պետք է ներգրավել Արցախին եւ տանել բանակցություններն այնպես, գտնել այնպիսի լուծում…»:

Պետրոս Ղազարյանը, չստանալով հարցի պատասխանը, ճշգրտում է՝ ձեր բանակցությունների կետը ո՞րն է, այդ սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ: «Մեզ համար ընդունելի կետերը հետեւյալն են՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը պետք է ապահովվի, լուծումը պետք է ընդունելի լինի ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ Բաքվում, եւ հանրությանը պետք է ներգրավել այդ պրոցեսում: Սրանք կարեւոր սկզբունքներ են, որոնց շուրջ մենք գնում ենք բանակցությունների»,- ասում է Արմեն Գրիգորյանը:

Նախ՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս է այս իշխանությունը «հանրությանը ներգրավելու» Ղարաբաղյան բանակցություններին, քանի որ այդ սկզբունքները, առհասարակ կարգավորման որեւէ տարբերակ ընդունված է համարել համաձայնեցված, եթե դրանց բոլոր սկզբունքները կողմերը համաձայնեցրել են, եւ եթե որեւէ դրույթ ընդունելի չի, այն չի կարելի համարել ընդունելի:

Փաշինյանի կառավարությունը ինչպե՞ս է ճշտելու՝ կարգավորման որեւէ տարբերակի որեւէ դրույթ հասարակությունն ընդունո՞ւմ է: Մեկ սկզբունք կամ կարգավորման տարբերակի մի դրույթ, կամ մի քանի դրույթ առանձին-առանձին դնելո՞ւ են հանրաքվեի, թե՞, օրինակ, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում քվեարկությամբ է որոշվելու՝ ընդունո՞ւմ է հասարակությունը որեւէ սկզբունք կամ կետ, թե՞ ոչ:

Այնուհետեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքից ի հայտ է գալիս մոտեցում, որը առնվազն 10-15 տարի լսում ենք Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունից, երբ պաշտոնական Բաքուն հետեւողականորեն եւ շարունակաբար բողոքում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները անօգուտ են, արդյունք չեն տալիս:

Ահա Արմեն Գրիգորյանն ասում է, որ 20 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցել ենք, բայց արդյունք չկա, 20 տարի բանակցել են, սահմաններում թեժ է եղել, իսկ ահա Դուշանբեի մի կարճատեւ հանդիպումը արդյունք տվեց, սահմանին այս պահին մաքսիմում խաղաղ է. սա է ավելի կարեւոր. «Չպետք է մի տեղ գնալ թղթեր գրել, բերել, տալ հանրությանը, ասել՝ վերջ, էս թղթերն են, պետք է գտնել լուծման տարբերակներ: Կաղապարված մոտեցումներ կան երբեմն, կա էս թուղթը, եւ միայն այս թղթով է, բայց կարող ա, չէ՞, հնարավորություն լինի ալտերնատիվ մտածողություն լինի»,- ասում է Արմեն Գրիգորյանը:

Այսինքն՝ պաշտոնական Երեւանը ԵԱՀԿ Մինսկի խմբից «ալտերնատիվ» լուծումնե՞ր է ակնկալում, թե՞ հայկական կողմն է պատրաստվում ԵԱՀԿ Մինսկի խմբին ու Ադրբեջանին նոր՝ «այլընտրանքային մոտեցումներ» առաջարկել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31