Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այդպես էլ չտեսանք` քանի՞ նախարար, քանի՞ փոխնախարար, քանի՞ գլխավոր «ձկներ» են պատժվել»

Դեկտեմբեր 21,2018 14:00

«Մենք այդպես էլ  ոչ մի տվյալ չունեցանք` քանի հոգի են պատժվել, քանի՞ նախարար, քանի՞ փոխնախարար, քանի՞ գլխավոր ձկներ»,- անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարության փաստաթղթից բացակայող պատժի անխուսափելիության դրույթին՝ ասաց տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը: Երեկ քաղաքացիական հասարակության քննարկմանն էր դրվել 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթուղթը, որին մասնակցում էր նաեւ պարոն Արիստակեսյանը:

«Առավոտի» հետ զրույցում Մովսես Արիստակեսյանը մտահոգություն հայտնեց, որ  նոր ռազմավարության մեջ հստակ ընդգծված չէ պատժի անխուսափելիությունը, որին հասարակությունն այդքան սպասում է: Նրա խոսքով՝ սա արդեն չորրորդ ռազմավարությունն է, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե կոռուպցիայի դեմ այդ չորս ռազմավարությունն ինչպես էր պայքարում, որ մեր երկրում կոռուպցիան ծաղկում ու բարգավաճում էր: Ըստ մեր զրուցակցի՝ խոշոր «ձկների» գլխից այդպես էլ ոչ ոք չբռնեց ու չպատժեց: Մովսես Արիստակեսյանը համարում է, որ այդ սկզբունքը պետք է ամրագրել ռազմավարությունում՝ որպես ուղենիշ, որպեսզի դաս լինի, եւ այդպիսի քայլեր այլեւս չկատարվեն:

Անդրադառնալով արդարադատության ոլորտի կոռուպցիոն խնդիրներին՝ ասաց, որ ռազմավարությունը նաեւ շրջանցել է դատավորներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների հարցը:

«Խոսվում է արդարադատության մասին, բայց պետք է մտածվի դատավորների ընտրության մեխանիզմի եւ դրանց պատասխանատվության մյուս խնդիրների մասին, որովհետեւ դատական կոռումպացված համակարգը մեր երկրի զարգացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն խոչընդոտներից է: Դատավորներից մեկը, որն ապօրինի որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ, հիմա արդեն Հայաստանից փախչում է` որպես քաղաքական հալածյալ: Նա չի ուզում պատասխանատվություն կրի, քաղաքական հալածյալի շապիկն առած փախնում է»:

Մովսես Արիստակեսյանի խոսքով՝  «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն դատարաններում դատական մի շարք գործեր ունի, որոնք առնչվում են  հաշմանդամության խմբերին, եւ մինչ երկրում տեղի ունեցած փոփոխությունները այդ գործերը տարիներով ձգձգվում էին եւ լուծվում ի վնաս քաղաքացու: Սակայն, ըստ պարոն Արիստակեսյանի, հեղափոխությունից հետո պատկերն այլ է. «Մինչ հեղափոխությունը այդ գործերը ձգձգվում էին, քանի որ դատական համակարգի եւ գործադիրի միջեւ կոռուպցիոն համաձայնություն կար, որ պետության բյուջեին վնաս հասցվող որոշումներ հօգուտ քաղաքացու չկայացնել, բայց հեղափոխությունից հետո դատական համակարգի որոշ պաշտոնյաներ այդ գործերով սկսել են փոխել վերաբերմունքը: Մեր կազմակերպությունը մի գործով հաղթել է դատարանում: Հաշմանդամության կարգից զրկված անձի իրավունքը վերականգնվել է, եւ տարիուկեսի կորցրածը նույնպես պետք է վերականգնվի: Արդեն երկու փաստով գնում է դատական գործընթաց, եւ նույն տենդենցն ունի: Այսինքն` զգալի է, որ երբ քաղաքական իշխանությունը հասարակական պահանջ է դնում պայքարելու, դատական իշխանությունը փորձում է փոխվել»:

Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ այս նոր ռազմավարության մեջ  չկա նաեւ առողջապահության ոլորտը. «Խորհուրդը հաստատել է նաեւ առողջապահության ոլորտի կոռուպցիայի դեմ պայքարի հնգամյա ծրագիր, ռիսկերը, բայց ոչ մի կետ չկար: Բայց դրա փոխարեն այս ռազմավարությունում կա սոցիալական ոլորտը: Ընդ որում, այնպիսի հարցեր են արծարծվում, որ մարդու ծիծաղ է գալիս: Օրինակ` գրված է միջոցառում, որ հինգ տարի հետո պետք է հասնենք նրան, որպեսզի թաղման նպաստները մեկ օրում տան: Չգիտեմ՝ որքանո՞վ է դա կոռուպցիոն ռիսկ կամ երեւույթ, գուցե իր մեջ պարունակում է, բայց դա այնքան մանր հարց է: Դրա փոխարեն հաշմանդամության խումբ տալու խնդիրը ոչ մի կետով չի արծարծվում»: Պարոն Արիստակեսյանի խոսքով՝ մինչդեռ ամենամեծ կոռուպցիոն ռիսկը բժշկասոցիալական ոլորտում է. «Չկա որեւէ անկախ մարմին, որ վերաքննի, վերափորձարկի բժշկասոցիալական հանձնաժողովի կայացրած որոշումները: Ամեն անգամ վերափորձաքննությունը կատարում է նույն գործակալության հանձնաժողովը: Ոչ մի այլ տեղ չես կարող բողոքարկում անել, եւ դա լավ կոռումպացված համակարգ է»:

Հաջորդ խնդիրը, ըստ պարոն Արիստակեսյանի, այն է, որ վարչապետին կից խորհուրդն իր վերջին նիստը գումարել է 2017 թվականի հոկտեմբերին: Մինչդեռ այդ նիստերը պետք է տեղի ունենան 4 ամիսը մեկ, սակայն մինչ օրս տեղի չեն ունեցել: Նրա խոսքով՝ բացի այն, որ այդ խորհրդի արդյունավետությունը պիտի  բարձրացնել,  միջոցառումների ծրագրում գրված է, որ բացի այդ խորհրդից՝ պետք է առաջին փոխվարչապետի գրասենյակում լինի քարտուղարություն, որը պետք է լրացնի մոնիտորինգի հանձնաժողովը. «Արդեն իսկ ռազմավարության մեջ հակասահմանադրական կետ է գրված: Ըստ մեր Սահմանադրության՝ մենք չունենք առաջին փոխվարչապետի ինստիտուտ: Դա ապօրինի է: Հետեւաբար պետք է վերանայել եւ այդ ինստիտուտը ռազմավարության մեջ ճշտել»:

Մովսես Արիստակեսյանը մեկ այլ դիտարկում էլ ունի: Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձեւավորումն ուշացել է, պետք է լիներ այս տարվա ապրիլին. «Հույս ունենք, որ գոնե մյուս տարվա ապրիլին կձեւավորվի»:

Նա նաեւ կարծում է, որ պետք է վերաիմաստավորել էթիկայի հանձնաժողովների գոյությունը եւ նրանց գործառույթների վերանայումը:

Կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ ռազմավարությունների արդյունավետությունը ոլորտի մասնագետը գնահատում է անարդյունավետ` «պտիչկայի համար արված գործողություններ»:

«Այդպես էլ անհայտ մնաց` Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տրված վարկային միջոցներն ինչի՞ վրա օգտագործվեցին: Ինձ, որպես առողջապահության ոլորտի մասնագետի, չեն գոհացնում այդ նույն ռազմավարության շրջանակներում մշակված առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի միջոցառումները: Դրանք նույնպես ոչ իրատեսական են, պտիչկայի համար արված, փորձագիտական եզրակացություններ են»:

Կարեւորագույն գործը, որ նախորդ ռազմավարություններով կատարվել է, պարոն Արիստակեսյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքն է. «Հանձնաժողովի ստեղծման, քրեականացման շատ լավ օրենսդրական ակտեր են ընդունվել»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

20.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31