Հարցազրույց արտիստ Արեգ Բալայանի հետ
– Դուք ներկայանում եք որպես արտիստ, որն ընդգրկուն հասկացություն է…
– Բացի լուսանկարչական արվեստից, ես «խոսում» եմ վիզուալ այլ մեթոդներով նույնպես: Այս պահին նկարազարդում եմ մանկական մի գիրք, հրավերների դեպքում պատրաստում եմ ազդագրեր, օրինակ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի եւ այլն: Հրապուրված եմ սթրիթ արտով…
– Մեր տեղեկություններով՝ վերջերս մասնակցել եք Գերմանիայում անցկացված Street art նախագծի: Դա մեզանում արվեստի երիտասարդ ոլորտ է, որի շուրջ տարաբնույթ կարծիքներ են հնչում: Արվեստի այս ժանրի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը շատ տարբեր է։ Ոմանք այն արվեստ են համարում, ոմանք՝ վանդալիզմ, մինչդեռ դրա միջոցով բարձրաձայնվում են քաղաքական եւ սոցիալական խնդիրները:
– Նախագիծն իրականացվեց Բեռլինում, որը համարվում է Street art-ի խոշոր կենտրոններից մեկը: Հրավիրված էին մասնագետներ նաեւ Կովկասյան տարածաշրջանից: Նախ երկու օր մեզ ծանոթացրին այս արվեստի հայտնի ներկայացուցիչների գործերին, որից հետո անցանք աշխատանքի:
– Ի՞նչ պատկերներ «դաջեցիք» Բեռլինի փողոցներում:
– Նկարեցի իմ բլոճիկներից, խոշոր՝ ոչ սովորական մասշտաբներով, բայց այդ պատկերներն անվանեցի բլոճիկներ: Դեռեւս դպրոցում, այնուհետեւ բուհում սովորելիս տետրերիս վրա, լուսանցքում նկարում էի դրանցից: Հիմա սկսել եմ բլոճներիս բովանդակություն հաղորդել: Նրանք արտահայտում են իմ ներքին՝ ինքս ինձ հետ, նաեւ աշխարհի հետ հարաբերությունները…
– Հիմնականում սթրիթ արտի նմուշները ստեղծվում են առանց պետության հովանության ու թույլտվության եւ երբեմն վնասում են պետության կամ որեւէ անհատի սեփականություն հանդիսացող տարածքը:
– Բեռլինում, օրինակ, Street art-ի համար կան թույլատրելի տարածքներ, որոնք կոչվում են «օրինական» պատեր: Մեզ տրամադրվել էր մարզադաշտի 100 մետր երկարությամբ եւ 3 մետր բարձրությամբ պարիսպը: Արվեստի այս տեսակը միանգամից մեծ քանակով հանդիսատեսների ուշադրությանն արժանանալու հիանալի միջոց է: Երբ հաջորդ օրը գնացել էինք մեր աշխատանքները լուսանկարելու, հանդիպեցինք մի ընտանիքի, որը վարձել էր Street art-ի մասնագետի, որպեսզի իրենց սովորեցնի գրաֆիտի տեխնիկան:
– Street art-ի աշխատանքները հիմնականում կարճ կյանք ունեն:
– Այո, հնարավոր է, որ անմիջապես քեզնից հետո քո աշխատանքի վրա այլ պատկեր նկարեն եւ դա ընդունելի է: Օրերս Բեռլինում կայացած նախագծի կազմակերպիչներից մեկի հետ Երեւանում հանդիպման ժամանակ նա հավաստիացրեց, որ կայացած նախագծից ամենաերկարակյացը եղել են իմ եւ վրացի գործընկերոջս գործերը: Դրանք ապրել են մեկ շաբաթից ավելի, իսկ դա բարձր ցուցանիշ է համարվում:
– Ափսոսանք չե՞ք զգում, երբ, ասենք՝ Երեւանում, ծառի բնի վրա կամ այլ վայրերում արված ձեր գործերը կարճ ժամանակ անց չեք տեսնում…
– Իմ մեջ կոտրվել է մարդու եւ իր ստեղծածի հավերժության կարծրատիպը: Սկսել եմ կարճ կյանքն էլ գնահատել… Ինչո՞ւ մարդը բզեզին, մոծակին սատկացնելու, նրանց կյանքից զրկելու նպատակով հազար ու մի դեղամիջոց է արտադրում կամ «ձեռք է բարձրացնում» թիթեռի վրա…
– Անդրադառնանք ձեր լուսանկարչական արվեստին:
– Երեւանում դեռ գործում է գերմաներեն լեզվի կենտրոնում բացված «Կրկնօրինակ #001-ՏԻՊ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գեղարվեստական տպագրության տարբեր տեխնիկաներ: Կոնկրետ իմ լուսանկարներն արված են գործվածքի վրա՝ մետաքսագրության եւ թվային տպագրության միջոցով:
– Մասնակցել եք քառօրյա պատերազմին, որը «պատմել» եք լուսանկարների միջոցով:
– Ճիշտ է, արդյունքում ծնվեց ֆոտոպատմություն, որը 2016-ի աշնանը ներկայացվել է Երեւանում՝ «MOB» (military mobilization) խորագրով:
Արեգ Բալայանի աշխատանքները հասանելի են այս հղումներով՝
https://www.instagram.com/aregbalayan/
https://www.instagram.com/blojiks/
https://www.instagram.com/aregbalayan_official/
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2018