Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծրատիպ կա, թե լուսանկարչությունը տղամարդու գործ է»

Դեկտեմբեր 21,2018 13:00

Հարցազրույց ֆոտոլրագրող Լուսի Սարգսյանի հետ

– Լուսի, ես գիտեմ, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որպես այդպիսին, ֆոտոլրագրության հստակ ուղղություն չկա, ուսանողներին սովորեցնում են լուսանկարելու հմտություններ, քանի որ ուղղակի ապագա լրագրողը պարտավոր է տիրապետել լուսանկարչական որոշակի հմտությունների, իսկ ֆակուլտետն ավարտելուց հետո շատ քչերն են զբաղվում այդ ուղղությամբ։ Դուք ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ֆոտոլրագրությամբ։

– Ես դեռեւս ուսանողական տարիներից արդեն զբաղվում էի լրագրությամբ, երկրորդ կուրսից արդեն աշխատում էի որպես լրագրող՝ տարբեր ամսագրերում։ Հետո հասկացա, որ լուսանկարելով կարելի է ավելի շատ տեղեկատվություն տալ։ Այն ավելի հեշտ եւ մատչելի էր ինձ համար, ես գնեցի ֆոտոխցիկ, որ կարողանայի ավելի լավ պատկերացնել՝ ինձ մոտ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Այդպես սկսվեց իմ գործունեությունը այդ ոլորտում։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելով՝ իրականում շատ էի դժվարանում, որովհետեւ չէի ստացել ֆոտոլրագրության բավարար կրթություն։ Այն դասախոսները, որոնք մեզ հետ աշխատում էին լուսանկարչության ուղղությամբ, ընտրվել էին ոչ որպես լուսանկարիչ, նրանք ունեին տեսական գիտելիքներ լուսանկարչության մասին եւ մի քանի տեսական դաս էին միայն տալիս, թե ինչպես կարելի է կադրը կառուցել, կամ որ լուսանկարն է ավելի հաջող, որը՝ չէ, իսկ լուսանկարչությունը չես կարող միայն տեսական սովորել, այս պարագայում պրակտիկ գիտելիքներն ավելի կարեւոր են։ Այն տեղեկությունները, որ տալիս էին դասախոսները, շատ հեշտությամբ կարելի էր ստանալ նաեւ համացանցից, իսկ եթե դասախոսը աշխատի որպես ֆոտոլրագրող, նա եւ՛ տեսական, եւ՛ պրակտիկ գիտելիք կկարողանա տալ։

– Իսկ միգուցե բուհերում համապատասխան ուղղությամբ ուսուցման ոչ բավարար լինե՞լն է պատճառը, որ Հայաստանում հիմա քիչ են ֆոտոլրագրողները։ Ի՞նչ եք կարծում։

– Այո, դա բավական հիմնավոր պատճառ կարելի է համարել։ Քանի որ չկա համապատասխան կրթություն, ուսանողները ցանկություն չեն ունենում այդ ասպարեզում իրենց դրսեւորել։ Այսօր մենք ունենք հատկապես աղջիկ ֆոտոլրագրողների պակաս։ Հայաստանում հիմա մի քանի կին ֆոտոլրագրողներ կան: Այս դեպքում ոչ միայն կրթությունը, այլեւ այն կարծրատիպն է պատճառը, որ ֆոտոլրագրությունը կամ օպերատորությունը տղամարդկանց աշխատանք է։ Հուսանք, որ կփոխվի այս վիճակը։

– Մի քանի տարի առաջ համացանցում հայտնվեց մի լուսանկար, որը կոչվում էր «Անգղն ու սոված աղջիկը»։ Լուսանկարը արված էր այն պահին, երբ Սուդանի քաղաքներից մեկում հյուծված աղջնակը ծնողների հետեւից վազելու ընթացքում ժամանակ առ ժամանակ կռացել էր, որ շունչ քաշի, իսկ անգղը հետեւում էր նրան, սպասելով հարմար պահի, որպեսզի հարձակվի։ Լուսանկարիչը նկարել էր այդ պահը՝ աղջնակը կռացած վիճակով, իսկ կողքին՝ անգղը։ Չնայած նրան, որ լուսանկարի հեղինակն այս նկարի համար ստացավ շատ մրցանակներ, արժանացավ նաեւ բուռն քննադատությունների, նրա հասցեին հնչեցին անմարդկայնության մեղադրանքներ։ Մրցանակը ստանալուց 3 ամիս անց նա ինքնասպանություն գործեց։ Ինչքանո՞վ է արդարացված ձեզ համար լուսանկարչի այս քայլը՝ նա կարող էր օգնել երեխային, բայց գերադասեց չթողնել ֆոտոխցիկը եւ արձանագրել այդ պահը։

– Մարդկային տեսանկյունից շատերը մտածում են, որ լուսանկարիչը սխալ էր, նա պետք է օգներ երեխային, սակայն մասնագիտական տեսանկյունից նրա արած լուսանկարն ավելի շատ օգնում է։ Այդ լուսանկարի շնորհիվ այսօր շատերը իմացան, թե ինչպիսի իրավիճակ է թեկուզ հենց Սուդանում, լուսանկարիչը ցույց տվեց, թե ինչ է սպառնում Սուդանում երեխաներին, այս նկարով նաեւ մարդկանց կարելի է կոչ անել, որ չլինեն անտարբեր, օգնեն նման մարդկանց, որոնք ապրում են այդպիսի պայմաններում։

– Գրեթե նույն իրավիճակն էր նաեւ այն ժամանակ, երբ 2017 թվականին տարվա լուսանկար ճանաչվեց այն նկարը, երբ պատերազմական իրավիճակում ֆոտոլրագրողը նկարեց, թե ինչպես էր զինվորը կրակում երեխայի վրա։ Իսկ դուք, որպես ֆոտոլրագրող, պատրա՞ստ եք գնալ նման քայլերի։ Կաշխատե՞ք պատերազմական իրավիճակում։

– Փոքր-ինչ բարդ հարց է։ Եթե դու հատկապես կին լուսանկարիչ ես, քեզ սպասվում են որոշակի դժվարություններ եւ՛ տղամարդկանց ընկալումների հետ կապված, եւ՛ խմբագիրների, որոնք մտածում են, որ եթե կին լուսանկարիչ ես, դու չպիտի գնաս պատերազմական իրավիճակներում լուսանկարելու։ Իմ կարծիքով՝ ինչքան էլ ցանկություն ունենաս լավ լուսանկար ստանալու, հոգեբանական գործոնը շատ մեծ է։ Սպանված զինվորի կամ ուղղակի մահացած մարդու նկարելով դու թեկուզ քո նկարի միջոցով կզգաս այդ ցավը։ Ինձ թվում է՝ ես չէի կարողանա նկարել պատերազմական իրավիճակում։

– Իսկ ո՞րն է եղել ձեր արած ամենատպավորիչ լուսանկարը։

– Ես այդ նկարը արել եմ այն ժամանակ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եկել էր Հայաստան։ Բավականին մեծ դժվարությամբ եմ ստացել այդ կադրը։ Էջմիածնի տաճարում պետք է աղոթք տեղի ունենար եւ պապը մեր կաթողիկոսի հետ պետք է մտներ տաճար։ Տաճարի դիմաց ռեստավրացիա էին անում եւ այնտեղ հատուկ ձողեր կային ամրացված եւ քանի որ մարդիկ շատ էին, ես ստիպված էի բարձրանալ այդ ձողերի վրա, որպեսզի նկարահանում անեի։ Այն շատ բարդ էր, քանի որ ես կարող էի ընկնել այդտեղից, բայց ցանկությունս մեծ էր կադր անելու եւ ես մարդկանց օգնությամբ կարողացա նկարել այն պահը, երբ պապը ձեռքով բարեւում էր հավաքվածներին։ Այդ կադրը ինձ համար շատ կարեւոր է, քանի որ շատ դժվարությամբ այն ստացա:

Զրուցեց ԱՆՆԱ ԱՓՈՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

20.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31