Այս օրերին բուռն քննարկվում է Զարուհի Փոստանջյանի պահվածքը, թե ինչու է պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին, երբ ժամանակին նրա հետ լուրջ առճակատումների մեջ էր, ինչպե՞ս է նրան համարում քաղբանտարկյալ:
Դանիել Իոաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հիշեցնելով, որ երբ 2008-ի հունվարի 28-ին Ազատության հրապարակում Փոստանջյանը, ինքը, Անահիտ Բախշյանն ու Վարդգես Գասպարին ցույց էին անում՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի, ով այդ ժամանակ շինծու մեղադրանքով նստած էր, Քոչարյանը Օպերայի շենքում բանակի օրվա միջոցառումից հետո մոտեցել է Փոստանջյանին ու Բախշյանին ու ասել. «Մեր տոնը փչացնում եք», ինչին Փոստանջյանը պատասխանել էր՝ «Սա նաեւ պահեստազորի սպա Սեյֆիլյանի տոնն է, ում դուք ապօրինի նստացրել եք»: Իոաննիսյանի դիտարկմամբ՝ «հիմա Զարուհի Փոստանջյանը Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ… Եվ դա իմ գլխում չի տեղավորվում»:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Իոաննիսյանի նկարագրած դրվագը շատ լավ հիշում է. «Այդ բողոքը ես էի կազմակերպել ընդդեմ Քոչարյանի բռնակալության, եւ բողոքին նաեւ միացել էին Վարդգես Գասպարին, Անահիտ Բախշյանը եւ Դանիել Իոաննիսյանը: Քոչարյանը մոտեցավ ու ասաց՝ մոռացե՞լ եք, որ ես եմ իրեն օգնել, իբր ինքն է փրկել Լեւոնից, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետապնդումից: Ասում էր՝ ինչի՞ ես եկել տոնս փչացնում, բողոքում ես, ես էլ ասացի, որ սա նաեւ Սեֆիլյանի տոնն է, ինչու՞ եք իրեն ապօրինի պահում բանտախցում: Ես իմ կյանքում երկու անգամ եմ հանդիպել Քոչարյանին՝ մի անգամ Բաղրամյան 26-ում՝ 2007-ի սեպտեմբերի 21-ին հրավիրված լինելով որպես պատգամավոր Բաղրամյան 26 գնացել եմ բողոքելու, ի տարբերություն բոլոր հրավիրվածների ովքեր գնացել էին տոնելու Անկախությունը եւ բաժակ բարձրացնելու Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, մի անգամ էլ այդ դեպքն էր»:
Թե ինչու է Փոստանջյանը սկսել պաշտպանել Քոչարյանին, երբ ժամանակին այդքան քննադատում էր նրան իր սխալների համար՝ Aravot.am-ի հետ զրույցում տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Նախ՝ ոչ թե Քոչարյանին, այլ՝ մարդու իրավունքներն եմ պաշտպանում: Դուք սխալվում եք, ես նրան ճանաչել եմ եւ շարունակում եմ ճանաչել որպես քառորդդարյա բռնապետության իր բաժին տասնամյակի խորհրդանիշ: Ինձ համար, ով ուզում է լինի, սկսած քառորդդարյա ավտորիտարիզմի խոշտանգումների վառ հեղինակ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանից մինչեւ ամենավերջին սրիկան, իրավունքի գերակայության սկզբունքը եւ արդարադատությունը արժեքներ են: Քանի որ այդ արժեքները հարգելն է գրավականը ազատ հայրենիք ունենալուն»:
Մեր հարցին՝ Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու համար, չի՞ տապալել սահմանադրական կարգը՝ Փոստանջյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդում սկսելու օրվանից անցել է շուրջ 6 ամիս, եթե ունեն հիմնավոր մեղադրանք, ապա գործը պետք է ուղարկվի դատարան, որտեղ պետք է ընթանա բաց դատավարություն, եւ մենք բոլորս կստանանք սպառիչ պատասխաններ: Մեր հանրության իրավագիտակցությունը, ցավոք, ցածր է, ուստի նրանք կարծում են, որ նախնական կալանքը ինքնին պատիժ է ե իրենց սպասումը բավարարվել է»:
Մեր դիտարկմանը, որ Քոչարյանին նախնական կալանքի տակ վերցնելը հիմնավորվում է, որ կարող է գործի ընթացքի վրա ազդեցություն թողնի՝ Փոստանջյանը պատասխանեց. «Եթե կան ապացույցներ, ապա թող վերցնեն կալանքի տակ, իսկ չլինելու դեպքում մեղադրյալի նկատմամբ չպետք է կիրառվի խափանման միջոց` կալանավորումը: Ցավալի է, որ իրավական ընթացակարգերի խախտման հետեւանքով կրկին տեղի չի ունենա «Մարտի 1-ի» համապարփակ եւ ամբողջական բացահայտում: Ինձ համար հրապարակված գաղտնալսումներից հետո միանշանակ պարզ է, որ այսօրվա իշխանությունները նույնպես չեն ցանկանում անցկացնել արդար քննություն, այլ շարունակում են «Մարտի 1-ի» ողբերգությունն օգտագործել քաղաքական նպատակների համար: «Մարտի 1-ը» ողբերգություն էր, որը տեղի է ունեցել իշխանությունը զավթելու համար՝ հօգուտ Սերժ Սարգսյանի: Հետեւաբար, ինչու չկա Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանք (ով, ի դեպ, սահմանադրական կարգը տապալել է բազմիցս՝ սկսած 1996 թվականից, կարող եք դիտել հայտնի տեսանյութը): Իմ գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է թերի, իրավական տեսանկյունից խոցելի մեղադրանք, իսկ նրա նախնական կալանավորումը ՄԻԵԴ-ում բողոքարկման դեպքում կունենա հաջողություն: Եթե գործող իշխանությունը ցանկանում է իրոք «Մարտի 1-ի» բացահայտում, ապա այն պետք է փոխանցի անկախ փորձագետներին»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, այնպես չէ, որ դուք Քոչարյանին պաշտպանում եք, ուղղակի իրավական առումով եք խնդիր տեսնում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Որպես իրավաբան եմ ասում: Նախ, Քոչարյան անձը այլ բան է, Քոչարյանի մարդու իրավունքները այլ բան են: Դուք կհիշե՞ք Ջհանգիրյանն իմ եւ իմ պաշտպանյալների նկատմամբ ինչ ապօրինի գործողություններ է կատարել, բայց երբ ես իրեն տեսել եմ ծեծված բանտախցում, այդ մասին նույնպես չեմ լռել: Ջհանգիրյանն իմ վկայությունը դրել է իր բողոքի հիմքում, ուղարկել ՄԻԵԴ: Երբ բանտախուց գնացի, Ջհանգիրյանը մտածում էր՝ եկել եմ ասեմ՝ ահա, հիշո՞ւմ ես, թե ինչ ես արել, բայց ես ասացի՝ եկել եմ ձեր իրավունքները պաշտպանեմ, քանի որ ձեր նկատմամբ տեղի է ունենում ապօրինություն: Ուրիշ բան է Ջհանգիրյանը՝ որպես դատախազ, ուրիշ բան է Ջհանգիրյանը՝ որպես մարդ, որն իրավունքներ ունի: Եթե դու իրավունքի գերակայությունը չհարգես, դու դառնում ես նույն մարդը, ինչ Քոչարյանը»:
Երբ ասացինք, որ հասարակությունը Քոչարյանին չի սիրում, դրա համար ուզում է րոպե առաջ նրան փակեն, էմոցիաներով է առաջնորդվում՝ Փոստանջյանն արձագանքեց. «Ինձնից շատ Քոչարյանի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողներ թերեւս շատ քիչ կլինեն: «Ինձնից շատ Քոչարյանին չսիրող դժվար թե լինի: Ի դեպ, նա պաշտոնյաների մեջ միակ մարդն էր, երբ պաշտոնաթող նախագահ էր արդեն, ինձ չէր մոռացել, լինելով հիշաչար` ինձ ԱԺ էր ուղարկել բացիկ՝ մարմնավաճառներ նկարով, որ ինձ Մարտի 8-ին վիրավորեր: Ես ուզում եմ, որ ինքը դատարանի առջեւ կանգնի ու պատմի, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ կրի իր արժանի պատիժը ոչ միայն «Մարտի 1-ի» գործով, այլ նաեւ իր պաշտոնավարման տարիներին իր մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունների համար: Մասնավորապես, ես նրան չեմ ներում ինձ համար ամենաարժեքավոր հիմնարար ազատության դեմ ոտնձգությունը` խոսքի ազատության ոտնահարումը` «Ա1+»-ի փակումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պարոն Փաշինյանը ծանր կերպով թերագնահատում է Քոչարյանի վայելած յարգանքի չափն ու տարողութիւնը, համայն Հայութեան կողմէ:
Մտահոգիչ է որ երկրին գերագոյն ղեկավարը այս աստիճան սխալի, այսքան նեղ տեսողութիւն ունենայ: