«Եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին», – այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին՝ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Այս հարցը քննարկման առարկա դարձավ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո:
Գեներալ-մայորը 2016 թվականի ապրիլին զբաղեցնում էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն ու այդ պաշտոնից հեռացվել էր ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով և այդ օրերին շատերը նաև նրան էին պատասխանատու համարում զոհերի ու նաև տարածքային կորուստների համար:
Նրան իր խորհրդական նշանակելու Փաշինյանի որոշումը ևս քննադատվեց:
«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումները իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ», – «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչու էր պաշտոնանկ արվել Հետախուզության վարչության պետը, նախարարն արձագանքեց․ – «Ես չեմ կարող մեկնաբանել Գերագույն գլխավոր հրամանատարի գործողությունները, բայց նույն ժամանակաշրջանում տվյալ սպան նշանակվել է ռազմական կցորդ Ռուսաստանում»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: