«Ա1+». Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, արդարացման դատական ակտ կայացրեց:
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը վերաքննիչ քրեական դատարանում կարողացավ ապացուցել, որ իրեն անհիմն են 6-ամսով դատապարտել 13 տարի առաջ փախուստի նախապատրաստության համար։
Բանտում գտնվելու ընթացքում իրավաբանի մասնագիտություն ստացած դատապարտյալին հաջողվել է հիմնավորել առերևույթ դատական սխալը՝ 2005-ի փախուստի նախապատրաստության գործով։ Ի դեպ, մեղադրող կողմը չառարկեց, ավելին՝ նշեց, որ ապօրինի դատավճռի հետևանքով խախտվել են Ենոքյանի մի շարք հիմնարար իրավունքներ։
Մհեր Ենոքյանը բանտում է 1996թ-ից՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության մեղադրանքով։ Նա շարունակում է պնդել, որ իրեն անհիմն են դատապարտել։
Մհեր Ենոքյանը իր խոսքում անդրադարձավ նաև սպանության գործով դարձյալ վճռաբեկ բողոք ներկայացնելու ցանկությանը, նշելով որ տարիներ շարունակ դիմել է, սակայն մերժում ստացել, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո նոր հույս է արթնացել: