Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովի հայտարարությունը վտանգավոր եմ համարում և ունեմ մտահոգություն. Արցախի ԱԺ պատգամավոր

Դեկտեմբեր 20,2018 19:55

Ի՞նչ է նշանակում  հեղափոխությունը պետք է հասնի, կամ հասել է Արցախ: Պետք չէ մի բաժակ ջրի մեջ փոթորիկ սարքել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ժողովրդավարական կուսակցության անդամ, Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը` անդրադառնալով վերջին ժամանակահատվածում Արցախի շուրջ  տեղի ունեցող զարգացումներին և դրանց վերաբերյալ տրվող գնահատականներին: Նա նշեց, որ  համամիտ չէ ձևակերպմանը, թե Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Նրա կարծիքով`այդ գործընթացը պարզապես իշխանափոխություն էր:

Անդրադառնալով ՊԲ հրամանատարի փոփոխությանը` Վ. Բաղրյանը նշեց, որ տեղի ունեցածը իր համար  անհասկանալի էր: «Որքանով հասկանում եմ, դա կապված էր Սասուն Միքայելյանի ելույթի վերաբերյալ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի արձագանքի հետ: Ես չեմ ուզում ասել, թե նորանշանակ ՊԲ հրամանատարն ավելի լավն է կամ ավելի վատը, ուղղակի խնդիրն այն է, որ Լևոն Մնացականյանի նման զինվորականից հրաժարվելը ճիշտ չէ»,- նշեց  պատգամավորը:

Խոսելով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունների վերաբերյալ, որ Արցախում իշխանափոխության անհրաժեշտություն կա, Վ. Բաղրյանն ասաց, որ Սասնա ծռերը կամ որևէ այլ քաղաքական ուժ չէ, որ Արցախում պետք է իշխանափոխություն անեն, քանի որ Արցախում իշխանությունն ընտրում է ժողովուրդը: «Այսինքն՝ Արցախում բռնի  իշխանափոխությու՞ն ենք անելու: Պետք չէ Արցախը ներքաշել ինչ-ինչ քաղաքական խաղերի մեջ, հանգիստ թողեք, թող այս երկիրն մնա իր գործին և պատրաստ լինի հակառակորդի ոտնձգություններին դիմագրավելու: Ցնցումները և կտրուկ ջղաձգումները որևէ լավ բանի չեն կարող հանգեցնել»,- շեշտեց նա:

Վ. Բաղրյանը մտահոգություն հայտնեց նաև Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի հայտարարության վերաբերյալ, նշելով, որ երբևէ չի եղել դեպք, երբ Ադրբեջանն այդպիսի գոհունակությամբ խոսի ինչ-որ փոխըմբռնման մասին:

«Ինչքան էլ մեզ փորձում են հանգստացնել, որ անհանգստանալու կարիք չկա, բայց, այնուամենայնիվ, երբ փոխըմբռնման մասին խոսում է Ադրբեջանը, դժվար չէ ենթադրել, թե փոխըմբռնում ասելով ինչ կարող է նկատի ունենալ: Ես դա վտանգավոր եմ համարում և ունեմ մտահոգություն: Իմ կարծիքով սա  ավելորդ զգուշավորություն չէ: Պետք չէ մեզ մեղադրել, որ տեսնում ենք այդ վտանգները, մենք դրանք միտումնավոր չենք տեսնում,- ասաց Վ. Բաղրյանն` ընդգծելով, որ Արցախի հարցը պետք է լուծի միայն ժողովուրդը և ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանում և Սփյուռքում ապրող ողջ հայ ժողովուրդը, քանի որ Արցախը ազատագրվել է միասնաբար և խնդիրը բոլորինն է:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Արցախում իշխանությանն ընտրում է Պառլամենտը, այլ ոչ թե ժողովուրդը՝ նոր սահմանադրությունը կյանքի կոչելուց հետո։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31