Լրահոս
Օրվա լրահոսը

«Պալաչը»` Արթուր Հարությունյանը, իր ընկերությունները միտումնավոր է տարել սնանկացման». Իվետա Տոնոյան

Դեկտեմբեր 20,2018 19:22

«Արթուր Հարությունյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքները բացարձակ անհիմն են: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիները որևէ  առնչություն չունեն նրա սնանկացման հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն` անդրադառնալով «Պալաչ» մականունով Արթուր Հարությանյանի`իր եւ Գագիկ Ծառուկյանի տարիների պատմություն ունեցող վեճը կրկին թարմացնելու քայլերին:

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Ոստիկանապետի պաշտոնում յոթ տարի պաշտոնավարած Վլադիմիր Գասպարյանին դեռ մեղադրանք առաջադրված չէ։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրատվամիջոցներին փոխանցել է, գործով ձեռք են բերվել տվյալներ  այն մասին, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանության նախկին պետը իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով խոստացել է միջամտել և օգնել Երևան – Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը: Ըստ Քննչական կոմիտեի, ոստիկանապետը խոստացել է ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շրջանակներում գործող և նույն երթուղին իրականացնող անվճար ավտոբուսների համար, մինչդեռ «Քինգ Դելյուքսին» աջակցել՝ անգամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում:

«Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունները կանոնավոր փոխադրումներ են իրականացրել Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով: Դրանց սեփականատերը հաղորդում է ներկայացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել այս ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ, ապա սնանկացել: Արդյունքում հաղորդումը ներկայացրած սեփականատիրոջը պատկանող երկու ընկերությունները 2015 թվականին անցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ին:

«Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիները գործում են շուրջ 20 տարի, գործել են մինչև «Քինգ դե լյուքսի» վճարովի ուղևորափոխադրումներ իրականացնելը, գործում են նաև հիմա, երբ այդ ընկերությունն այլևս  չկա: Ավելին՝ Չարենցավան-Երևան- Չարենցավան և Աբովյան-Երևան -Աբովյան վճարովի ուղևորափոխադրումները  հիմա  իրականացնում  է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը. Այսինքն, նույն տրամաբանությամբ բարեգործական ավտոբուսները պետք է խանգարեին հենց Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի բիզնես  գործունեությանը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Բազմաթիվ փաստեր կան նաև այն մասին, որ Արթուր Հարությունյանը միտումնավոր է իր բիզնեսը սնանկացման տարել, որպեսզի Չինաստանից վարկով ձեռքբերված ավտոբուսների 4 միլիոն դոլար գումարը չվճարի և հայաստանյան բանկերի վարկերը չմարի:

Արթուր Հարությունյանի «Քինգ  Դելյուքս» և  «Տրանս կոմֆորտ» ընկերությունների գույքը տևական ժամանակ գրավադրված է եղել հայաստանյան նախկին «Առեքսիմ» և «Պրոմեթեյ» բանկերում և այդ բանկերը բազմաթիվ անգամներ, խնդրանքով դիմել են «Մուլտի գրուպ» կոնցեռնին՝ ձեռք բերելու գրավադրված գույքը՝ խիստ շահեկան, շատ ցածր տոկոսադրույքով՝ տարեկան ընդամենը 2 տոկոս տոկոսադրույքով` «Մուլտի Գրուպ» կոնցեռնին վարկ տրամադրելու պայմանով: Սակայն «Մուլտի Գրուպ» կոնցեռնը մշտապես մերժել է բանկերի խնդրանքները: Այդ մասին, ցանկության դեպքում, կարող են վկայել բանկերի կառավարիչներն անձամբ»: Իվետա Տոնոյանի մեկնաբանությամբ, այս դեպքում պարզից էլ պարզ է, որ «Պալաչի» «մերկապարանոց հայտարարությունները», թե իբր Գագիկ Ծառուկյանը նրանից բիզնես է խլել, միայն նրա «հիվանդ երևակայության» արդյունքն են հանդիսանում. «Այստեղ գործ ունենք բացառապես ամեն տեսակի բարոյական արժեքներից զուրկ անձնավորության կողմից  Գագիկ Ծառուկյանի անունը արատավորելու անհաջող փորձի հետ միայն: Եվ այստեղ անելիք ունեն նաև մեր իրավապահները, քանզի Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի համաձայն կանխամտածված սնանկությունը քրեորեն պատժելի արարք է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31