Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ջերմությամբ է հիշում հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը, որը հաջողված էր թե´ բովանդակային, թե´ կազմակերպչական, թե՛ մասնակցության առումով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՖՄԿ-ՀՀ համագործակցությունը և ընդգծել, որ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ ՖՄԿ առջև դրված խնդիրների լուծման, դրա հետագա զարգացման և միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ուղղությամբ:
Ադամա Ուանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար և մեծ հաջողություն համարել Երևանում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ամենաբարձր մակարդակով կազմակերպումը՝ ընդգծելով Հայաստանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անձնական ջանքերն այդ գործում: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մեծ դեր ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայում և կշարունակի ունենալ ապագայում:
ՖՄԿ ադմինիստրատորը նշել է, որ Հայաստան է եկել հատուկ առաքելությամբ. Հայաստանի՝ որպես կազմակերպությունում նախագահող երկրի գործառույթների մեջ է մտնում ՖՄԿ նոր գլխավոր քարտուղար Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոյի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային պայմանագրի ստորագրումը, և ըստ սահմանված ընթացակարգի՝ այն ստորագրում է նախագահող երկրի ղեկավարը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՖՄԿ-ում նախագահող երկրի ղեկավար, ստորագրել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային պայմանագիրը և հանձնել կազմակերպության ադմինիստրատորին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ