Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելիս, միջպետական կանոնակարգեր չկայի՞ն

Դեկտեմբեր 20,2018 18:50

Օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ասուլիսում պատասխանելով հարցին` ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին`խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, ասել էր, որ միջպետական արարողակարգը չի նախատեսում նման շնորհավորանքներ. «Նման շնորհավորանքներն ընդունված չեն, շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում»:

Դեսպանի այս բացատրությունն առնվազն տարօրինակ է, եւ էլ ավելի է խճճում հարցը`այն հստակեցնելու փոխարեն, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել էին Նիկոլ Փաշինյանին`ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հղում անելով Կրեմլի պաշտոնական էջին, հայկական լրատվամիջոցները մեջբերեցին ՌԴ նախագահի շնորհավորանքի տեքստը. «Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»:

Թե ինչո՞ւ էին ՌԴ նախագահը եւ վարչապետը` Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելուց որոշել խախտել միջպետական արարողակարգը`ՀՀ-ում ՌԴ դեսպանը չի ասել: Չի ասել նաեւ, թե նախկինում, երբ ռուսաստանյան առաջին դեմքերը շնորհավորում էին ՀՀ նախագահներին`նախագահ ընտրվելու եւ խորհրդարանական ընտրություններում նրանց քաղաքական ուժի հաղթանակի համար, ինչո՞ւ էին խախտում միջպետական կանոնակարգերը:

Ամենաթարմ օրինակը. 2017-ի ապրիլի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, խախտելով միջպետական կանոնակարգը, շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին`ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի տարած հաղթանակի առիթով:

Տեքստն էլ այսպիսին է. «Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է:

Վստահ եմ, որ նոր կազմով Ազգային ժողովի գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Օգտվում եմ առիթից, որպեսզի Ձեզ և Ձեր զինակիցներին մաղթեմ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»:

Այսպիսի օրինակները բազմաթիվ են. ճիշտ այնքան, որքան ՀՀ-ում եղել են նախագահական եւ խորհրդարանական հերթական կամ արտահերթ ընտրություններ:

Իհարկե, ՌԴ նախագահի`Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին շռայլած խոսքերը մեկ տարի անց նրանց ոչնչով չօգնեցին, բայց «միջպետական արարողակարգի խախտման» գնով ՌԴ նախագահ արեց իր քայլը: Մինչդեռ, ընդամենը մի քանի օր առաջ, արտահերթ ընտրություններում տարած Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի բացառիկ` 80 տոկոսանոց հաղթանակը Հայաստանի պատմության մեջ ամենաարդար որակվող ընտրություններում, ՌԴ նախագահին որեւէ քայլի դեռ չեն դրդում:

Միջպետական արարողակարգերը փոխել է պետք, որպեսզի մի դեպքում դրանք չխախտվեն, իսկ մյուս դեպքում`քաղաքական աղմուկի պատճառ չդառնան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31