Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում գրանցվել են քութեշ հիվանդության դեպքեր

Դեկտեմբեր 20,2018 18:40

Տաթեւիկ Ղորխմազյանի 8-ամյա երեխան, առաջին է, որն քութեշ հիվանդություն ախտորոշմամբ դիմել է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց: Արդեն 10-րդ օրն է, ինչ երեխան ստանում է ստացիոնար բուժում: Երեխան հիվանդանոց է ընդունվել հիվանդության 5-րդ օրը. «Երեխայի հիվանդությունն արդեն 15 օր է: 5 օր տանն ենք եղել, չենք իմացել, թե ինչ հիվանդություն է: Սկզբում 2 օր բարձր ջերմություն ուներ, որից հետո մաշկի վրա ցան դուրս եկավ: Քանի որ ոչ աշխատանքային օրեր էին, զանգի միջոցով մեր պոլիկլինիկայից ճշտեցինք, որ հնարավոր է աղիների հետ կապված խնդիր լինի; Բայց գնալով երեխայի վիճակն ավելի էր վատանում, բարձր ջերմություն ուներ, եւ չէինք կարողանում վերահսկել: Դիմեցինք ինֆեկցիոն, եւ տեղում պարզվեց, որ քութեշ հիվանդությունով է վարակված»:

Բացի 8-ամյա երեխան, այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում նաեւ փոքրիկի համադասարանցին: Երեխաներն էլ սովորում են Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում. «Երեխան հիվանդանոց է եկել արտահայտված ինտոքսիկացիայով, բարձր ջերմությամբ, մաշկի վրա մանր կետավոր ցանավորմամբ, անգինայի պատկերով: Այս պահին մեզ մոտ բուժում են ստանում երկու երեխաներ, երկուսն էլ նույն դասարանից են: Մեզ դիմել են նաեւ երկու այլ երեխաներ նույն դասարանից: Բայց նրանք անցել են ամբուլատոր օղակով, որովհետեւ քութեշի ոչ բոլոր կլինիկական ձեւերը կարիք ունեն ստացիոնար բուժման,- ասաց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Նունե Էվինյանը:

Քութեշը սուր ինֆեկցիոն հիվանդություն է: Դասվում է այն ինֆեկցիաների շարքին, որը կարող է թողնել նաեւ բարդություններ: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Մասնագետի խոսքով՝ դուրս գրումից հետո եւս երեխաները պետք է լինեն դիսպանսեր հսկողության տակ: Էվինյանը հորդորում է, հետագա բարդություններից խուսափելու համար հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի. «Եթե երեխան ունի ջերմային ֆոն, անպայման դիմել բժշկին, քանի որ կարող է լինել նախաինկուբացիոն շրջանում: Նաեւ անգինայի դեպքերում ծնողները պետք է դիմեն թաղամասային բժշկին, որովհետեւ հիվանդությունը կարող է ընթանալ զուտ որպես անգինա»:

Վերջին անգամ Վանաձորում քութեշ հիվանդության դեպքեր են արձանագրվել ավելի քան 7 տարի առաջ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31