Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե կգնա՞ ԱԺ թե կմնա գործադիրում պատասխանեց, որ դեռեւս կառավարության կառուցվածքը դեռ չի քննարկվել, ոչ էլ՝ պաշտոնները: Հարցին, բայց դուք ի՞նչ եք ուզում, պատասխանեց՝ ես իմ գործը շատ եմ սիրում:
Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ նրա համար տարօրինակ էր, որ Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, քանի որ 6-7 ամիս առաջ պարոն Հարությունյանը կարծիք է հայտնել, որ իր համար տարօրինակ է, որ նույն պաշտոնյան նշանակվել է Ռուսաստանի դեսպանատանը կցորդ:
«Եթե տեսանյութն ամբողջությամբ եք նայել, ես տարօրինակ չեմ համարել դա, ես տարօրինակ եմ համարել, որ ապրիլյան դեպքերի հետ կապված որեւէ մեկը չի պատժվել: Ես դա ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն»:
Դիտարկմանը, թե չի՞ տեսնում հակասություն նախկինում Կարապետյանի մասին իր արած հայտարարությունների եւ նրա ներկայիս նշանակման հետ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ վարչապետի պաշտոնակատարի՝ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումն այդ հարցի վերաբերյալ իրեն բավարարել է: Վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ Արշակ Կարապետյանին ինքն է նշանակել եւ համոզված է, որ նա իր պարտականությունները կկատարի:
Պարոն Հարությունյանը նաեւ ասաց, որ պատասխանատվության կանչելու հերթը ապրիլյան պատերազմի պատասխանատուներին էլ է հասնելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ